Փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն այլեւս վերապահվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն, վերոգրյալից զատ, որեւէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ, դեռեւս չի սահմանվել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում են որոշ կարգավորումներ: Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ:
Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների եւ պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը, ելնելով խախտման բնույթից, միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու առնչությամբ:
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին տրված հավաստագրից զրկելու վերաբերյալ նույնպես ներկայացնում է միջնորդագիր լիազոր մարմին, իսկ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին այն ներկայացնում է անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ, եթե բուժաշխատողը մեկ տարվա ընթացքում ուղեգրման առնվազն երեք դեպքով թույլ է տվել խախտում:
Կարդացեք նաև
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը:
ԱԺ