Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ հետեւանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկա կառավարման համակարգին եւ միջազգային պահանջներին:
Այս մասին փաստել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փաստաթուղթը մշակվել է միջազգային փորձի տեւական ուսումնասիրման արդյունքում, հաշվի են առնվել նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Փոխնախարարի գնահատմամբ նոր կարգավորումներով կապահովի կայուն ինստիտուցիոնալ ձեւավորում: Չափորոշիչների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝ ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային, տեղային, օբյեկտային մակարդակներ: Կընդլայնվի թվային գործիքակազմը: Գործընթացների կառավարումը դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները դարձնել թվային եւ արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային համակարգ վարելու հնարավորություն:
Նախատեսվում է նաեւ արտակարգ իրավիճակի հետեւանքով կյանքի (մահվան), ինչպես նաեւ անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրություն:
Կարդացեք նաև
Կընդլայնվեն ոլորտի հասկացությունները: Կերաշխավորվի աղետի ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պատշաճ պահպանումը՝ դրանք խախտելու համար սահմանելով համապատասխան պատասխանատվություն:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ դրական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
ԱԺ