Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
-Հայաստանի իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելու մասին, բայց մի փոքրիկ խնդիր կա․ Ադրբեջանում չեն վստահում Հայաստանին, հռետորաբանություն են կոշտացնում։ Ինչեւէ, դա Նիկոլ Փաշինյանին չի խանգարում, որ պատրաստակամություն հայտնի՝ այդ համաձայնագիրը միակողմանի ստորագրելու մասին, թեեւ դա չի երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։
-Քանի դեռ այս իշխանությունն է պետության ղեկին, հայ ազգը կորուստներ է ունենալու։
-Ստեղծված ներքաղաքական իրավիճակում տեսնո՞ւմ եք ազգային իշխանություն ունենալու հնարավորություն։
Կարդացեք նաև
-Իհարկե կա։ Հարցին պատասխանելու համար եկեք դիտարկենք Հայաստանի քաղաքական դաշտը, որպեսզի կարողանանք համեմատաբար ճիշտ եզրակացության գալ։ Այսօր Հայաստանում գործող քաղաքական ուժերը բաժանվում են մի քանի խմբի: Առաջինը՝ ռուսական ազդեցության 5-րդ շարասյուն է. դրանք են՝ իշխանությունը եւ նրա արբանյակները, եւ խորհրդարանական ընդդիմությունը։ Երկրորդը արեւմտամետ կոսմոպոլիտներն են, եւ երրորդը՝ ազգայնական ուժերն ու անհատներն են, որոնք նույնպես արեւմտամետ են։ Ի դեպ, արևմտամետությունը տարբեր ուժերի եւ անհատների մոտ տարբեր ընկալում եւ մեկնաբանություն ունի, կարծում եմ, պետք է այդ հասկացությունը պարզաբանել, հստակեցնել եւ առաջնորդվել դրանով։
Նախ, ազգայնական ուժերը պետք է փոխեն իրենց ընկալումը եւ պատկերացումը «մետ»-ության առումով։ Հայոց համար «մետ»-ության պետք է ունենա մեկ ուղղվածություն, դա երկինքն է՝ Աստված և Աստծո հովանավորությամբ Հայոց փառքի վերականգնումը։ Այս պարզաբանումը ընդունելու դեպքում ազգայնական ուժերը պետք է փոխեն իրենց պատկերացումները ավանդական մտածելակերպի՝ հիմնականում երկու բաղադրիչների՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի վերաբերյալ, որը շատերի մոտ դոգմայի է վերածվել եւ խիստ վնասակար է մեր ազգային շահերի առումով, քանի որ քաղաքական ուժերի գրեթե մեծամասնության մտածելակերպը որևէ հարցի վերաբերյալ հանգեցնում է տվյալ հարցը դիտարկել՝ հաշվի առնելով օտարի շահը։ Մեր պարագայում՝ Ռուսաստանի։ Այդ պատճառով էլ ազգայնական ուժերը առանց հապաղելու, մինչև ի մի գալը պետք է հայտարարեն, որ ձերբազատվել են այդ ախտից. Ռուսաստանի նկատմամբ առ այսօր վարվող քաղաքականությունից։ Ռուսաստանը Հայոց թիվ մեկ թշնամին է թուրքերի հետ միասին և ոչնչացման ճանապարհին է։ Ռուսաստանը շուտով, որպես կայսրություն կանհետանա պատմության թատերաբեմից։
Երկրորդը Արեւմուտքն է․ ինչպիսի՞ն պետք է լինի նրա նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը։ Արեւմուտքին, ինչպես հավաքականորեն, այնպես էլ առանձին երկրների տեսքով պետք է դիտարկել ռազմավարական գործընկերներ, արիական առանցքի կարեւորագույն մասնակիցներ եւ ամեն ինչ անել արագացված գործընթացով հասնելու առավելագույն գործնական հարաբերությունների հաստատման նրանց հետ՝ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, առեւտրային, մշակութային, կրթական եւ այլն։
Այս հարցերը հստակեցնելուց հետո ազգայնական ուժերին կմնա նաև Հայոց համար մի քանի կարեւոր հարցեր հստակեցնել եւ լուծել համախմբված, միասնական հանդես գալու կազմակերպչական հարցերը։
– Ի՞նչ կարեւոր հարցեր։
-Հայաստանի ապագայի համար առավել կարեւոր է իր որդեգրելիք քաղաքականությունը ներքին կյանքի բնագավառում, որը եւ տալիս է այդ հարցերի պատասխանը, թե ինչպիսի արժեհամակարգով պետություն ենք ուզում ունենալ ապագայում։ Այն, որ առ այսօր գոյություն է ունեցել եւ շարունակում է էլ ավելի մոլուցքով շարունակվել հային ոչ հարիր արժեքներով, թե վերափոխել։ Ազգայնական իշխանությունը իր առաջընթացի հիմքում պետք է դնի Հայոց արժեհամակարգը, որը կերտվել է հազարամյակների ընթացքում, որը բխում է Աստծուն հավատարիմ լինելուց (ցավոք սրտի բոլշեւիկացումից հետո տեղի ունեցավ խզում, որը շարունակվում է առ այսօր պետական մակարդակով) եւ Աստծո պատվիրաններով առաջնորդվելով։ Իսկ հավատարիմ լինել Աստծուն՝ նշանակում է ապրել Աստծո պատվիրաններով։
-Հայ ժողովրդի եւ պետության անվտանգության հենքը կազմող երեք առանցքների մասին վաղուց եք խոսում, բայց մեր քաղաքական դաշտում այդ հիմնադրույթները ընդունող քաղաքական ուժեր կարծես չեն գտնվում։
-Ճիշտ եք, այս պահին դժվար է գտնել։ Ցավալին այն է, որ ովքեր էլ որ հայտ են ներկայացնում եւ փորձում են քաղաքական ասպարեզ մտնել՝ հեռու են այս արժեքներից, նույնիսկ երիտասարդ սերնդի մի հատվածի մեջ արմատացած է ռուսական շահերով առաջնորդվելու գերակայությունը։ Հետաքրքիրն այն է, որ այդպիսիները հայտնվում են քաղաքական դաշտում, իսկ դա նշանակում է, որ նրանք ուղղորդված են այլոց կողմից, հետեւաբար եւ քաղաքական դաշտում հաջողություն չեն ունենա, քանի որ մեր ժողովրդի գերակշիռ մասը արդեն հասկացել է ով-ով է, ովքեր են Հայաստանի բարեկամները եւ ովքեր՝ թշնամիները։
Բայց խնդիրը լուծում ունի։ Լուծումը մեկ պարզ հարցի մեջ է, մեր ազգի մեջ կա արդյոք հազար մարդ, որոնց համար նշված հիմնադրույթները ընդունելի են։ Ոչ միայն ընդունելի են, այլ սիրում են իրենց հայրենիքը ամեն ինչից առավել եւ պատրաստ են անմնացորդ նվիրվելու եւ ծառայելու հայրենիքին։ Կարծում եմ ավելին կա, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր։
-Ինչո՞վ եք վստահ եւ այդքան լավատես, որ տասնյակ հազարավոր հայորդիների համար ընդունելի են դրանք։
-Վերջերս մի կայքում հարցազրույց էի տվել, արծարծվող հարցերի շրջանակում էր հարցազրույցը։ Ի ուրախություն ինձ՝ այդ հարցազրույցը դիտել է վաթսուն հազարից ավելի մարդ։ Գիտե՞ք այստեղ որն է ամենակարևորը, որ դիտողներն իրենց մեկնաբանություններում՝ նշումներում հավանություն են տալիս արտահայտված գաղափարներին եւ փառք են տալիս Աստծուն եւ խնդրում Աստծուն, որ իրականացնի այդ գաղափարները, դա դիտողների գերակշիռ մեծամասնության կարծիքն է։ Իսկ դա նշանակում է, որ հայեցի մտածող, ազգային արժեքներով առաջնորդվող աստվածավախ մարդկանց նվազագույն քանակությունը ապահովված է, ինչպես Աստված է ասում. ես իմ մնացորդը կպահպանեմ։
Տասնյակ կամ հարյուր հազարավոր այդպիսի հայերից կարող ենք հանգիստ ընտրել հազար կամ մի քանի հազար մարդու, որոնք բացի այդ գաղափարները ընդունելը, նաեւ օտարերկրյա երկրների գործակալական ցանցի մեջ չեն մտել եւ պատրաստ են ընդգրկվել պետության կառավարման համակարգում եւ առաջնորդվել միայն Հայոց ազգային շահերով, պատասխանատու լինելով միայն Աստծո եւ հայ ժողովրդի առջև։
Ճիշտն ասած, երբ սկսվեց Սրբազան պայքարը, մտածում էի, որ Բագրատ Սրբազանը կարող է այդ խնդիրը լուծել՝ հենվելով այդպիսի կազմակերպությունների, մարդկանց եւ գործիչների վրա, այդպիսիներից կազմելով ստվերային կառավարություն եւ հանրությանը ներկայացնելով մանրակրկիտ ծրագրեր բոլոր ոլորտների վերաբերյալ, ստանալ հանրության հավանությունը։ Վստահ եմ, որ այդ դեպքում Նիկոլի իշխանությունը կհեռացվեր։ Ցավոք, դեռևս այդպիսի մոտեցում չի ցուցաբերվում։
Այդ հազար ընտրյալները պետք է հավաքվեն եւ իրենց մեջից ընտրեն ամենաարժանավոր՝ պայմանական հարյուր հոգու, որոնք կներկայանան հանրությանը, կներկայացնեն ապագա կառավարության ծրագրային դրույթները։ Եթե ժողովրդի մեծ մասը հավանություն տա այդ թիմին և ծրագրային դրույթներին, ապա նրանք պետք է առաջնորդեն ազգայնական ուժերին։ Այդ հարյուր մարդը իր միջից պետք է ընտրի երեք հոգանոց նախագահություն, որը պետք է կազմակերպի ազգայնական ուժերին՝ միասնական, համախմբված մասնակցելու ընտրություններին։ Ընտրություններում հաղթելու դեպքում (համոզված եմ, որ այս դեպքում ժողովուրդը իր ձայնը կտա նրանց, քանի որ նման մարդիկ առաջնորդվելու են Աստծո պատվիրաններով, սուտ չեն խոսելու, կաշառք չեն վերցնելու, առաջնորդվելու են միայն Հայոց ազգային շահերով) ընտրված մարդիկ կկազմեն կառավարություն, իսկ առաջադրված երեք հոգին կհանդիսանան ապագա իշխանության՝ կառավարության ղեկավարները։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ