Հայաստանյան ներհասարակական կյանքում ատելության մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ։ Մանր-մունր կենցաղային վեճերը հեշտությամբ վերածվում են ծանր հանցագործությունների՝ հաճախ մահվան ելքերով։ Գյումրի քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են նոր իրավիճակ ստեղծել ընդհանրապես Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում՝ ավելի խորացնելով ներքին խաղաղության ճգնաժամը։ Թեկնածուները մեկը մյուսի հասցեին տարաբնույթ մեղադրանքներ են հնչեցնում և անհանդուրժողականությունը արդեն իսկ իր գագաթնակետին է հասել։ Վտանգը մեծ է, որ տեղի կունենան բախումներ։
Իշխանությունների համար Գյումրու ընտրություններում պարտությունը շատ ծանր հարված կլինի և, նույնիսկ մինչև 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները նրանց իշխանության մնալը հարցականի տակ կհայտնվի։
Իմ դիտարկմամբ, դեպքերի բնականոն զարգացման դեպքում, ՔՊ կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթել առաջիկա ընտրություններում, ուստի բացառված չէ, որ իշխանությունները կդիմեն ամենատարբեր միջոցների, որպեսզի չպարտվեն։
Գյումրի քաղաքի ներքաղաքական նման իրավիճակում Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, պատկերավոր ասած, հանձն է առել ընդդիմադիր դաշտի հոգևոր խնամքը։ Դժվարանում եմ պնդել, որ Միքայել սրբազանը իր գործունեությամբ նպաստում է նախընտրական շրջանին հատուկ ներքաղաքական կյանքի լարվածության թուլացմանը, հակառակը, ակնհայտ է, որ սրբազանը նույնիսկ այդ ուղղությամբ չի էլ մտածում։ Տպավորություն ունեմ, որ Միքայել սրբազանը բավականին կտրված է հոգևոր կյանքից։ Իսկ ի՞նչն է խանգարում նրան, որպեսզի Բագրատ սրբազանի օրինակով ինքն էլ հրաժարվի իր հոգևոր-վարչական ծառայությունից ու քաղաքականությամբ զբաղվի։ Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում, պարզապես ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել սրբազանը այդքան համարձակություն ու ինքնավստահություն չունի։ Ըստ իս, Միքայել սրբազանի դիրքավորումը ընդդիմադիր դաշտում պատշաճ չէ այնքանով, որքանով նա ասոցացվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Ուստի, կարծում եմ, եթե Միքայել սրբազանը չի հրաժարվելու իր հոգևոր-վարչական ծառայություններից, ապա ավելի խելամիտ կլինի, եթե փոքր ինչ նրբանկատ գտնվի և իր խոսքով կամ գործով ակամայից հարվածի տակ չդնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։
Կարդացեք նաև
Առիթներ եղել են խոսելու Եկեղեցի-Պետություն հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն գործող հոգևորականի նմանատիպ պահվածքը, իրար հանդեպ ծայրահեղ քննադատական խոսքեր հնչեցնելը, երկխոսության վերականգնմանը չեն նպաստում։ Այդ խնդիրը այսօր էլ արդիական է, քանի որ նույնիսկ Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա երկխոսության առկայության դեպքում՝ Եկեղեցի-Պետություն երկխոսություն գոյություն չունի։ Իհարկե, այդ տխուր փաստը իր պատճառներն ունի, սակայն դրանք պետք է երկկողմ քննության ենթարկվեն և հայ ազգի շահերի պաշտպանման տեսլականով կարգավորվեն հարաբերությունները։
Հանուն արդարության պետք է նշեմ, որ անտեսելով սոցցանցերում որոշ մարդկանց անհիմն քննադատությունները, վերջին ամիսներին իշխանությունները, գոնե պաշտոնական լրահոսներով, շատ զուսպ են Հայ Առաքելական Եկեղեցուն որևէ հարցում քննադատելու մեջ և դա պայմանավորված է միայն նրանով, որ Եկեղեցին նման առիթ ոչ մեկին չի տալիս։ Պետությունը առանց Եկեղեցու և Եկեղեցին առանց պետության չի կարող անթերի գործել։ Հայ ազգին վերաբերող շատ զգայուն հարցեր կան, որոնց մասին Եկեղեցու և պետության տեսակետները հակասում են միմյանց, ինչը բավականին արժեզրկում է արված հայտարարությունները։ Այս ոչ բնական հարաբերությունների բացատրությունը պետք է փնտրել երկխոսության բացակայության մեջ։ Ուստի գործող հոգևորականները պետք է նախանձախնդիր լինեն պետության հետ հարաբերությունները կարգավորելու գործում, ընդ որում՝ անկախ նրանից, թե ովքեր են իշխանության ներկայացուցիչները։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ