Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։
Բայց հարցն այն է, որ բոլոր իրավական հիմքերը կան արցախահայության իրավունքների վերականգնման համար։ Կան նաև կոնկրետ փաստեր Արցախի անկախության թեման կրկին օրակարգ բերելու համար։ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը, իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ գործող օրենքների համաձայն։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհանգիստ է, քանի որ բռնի ուժի կիրառման արդյունքում օկուպացրել է նաև այն տարածքը, որն իրեն չի պատկանում։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ Դրա համար էլ անընդհատ Բաքվից խոսում են, թե Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ հայտարարեն, թե իբր միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Փաշինյանի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարեց, թե ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
Հարցերից մեկն այն է, որ եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ է ամեն անգամ Փաշինյանը հայտարարում այս մասին ու Արցախի կորուստը փորձում գցել նախկինների «գրպանը», թե նրանք արդեն իսկ այն հանձնել էին։ Մի կողմից՝ դա գալիս է Ադրբեջանի մտավախությունից, թե Արցախի թեման կարող է վերաբացվել։ Իսկ Փաշինյանը փաստացի կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև բացահայտ ստեր են։ Եթե Արցախն արդեն ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչի՞ համար էր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ինչո՞վ էր տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի համանախագահությունը։
Ադրբեջանական կողմը, քանի որ խախտել է խնդրի բանակցային ճանապարհով հակամարտության լուծման բոլոր սկզբունքները, պատկերացնում է, որ եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերսկսի իր գործունեությունը, ապա իրենք խնդիրներ են ունենալու։ Ըստ ամենայնի, միջնորդները կարող են պահանջել, որ վերադարձ կատարվի նախկին իրավիճակին, որին գումարվում է նաև արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործությունների բարձրացման թեման։ Մի իրավիճակ, որից Ալիևի վարչակազմը վախենում է, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով անընդհատ Բաքվից հնչում է այն պահանջը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ինչին հայկական կողմից էլ գլուխները կախ արձագանքում են, թե կողմ են դրան, բայց խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։