ԱԺ հերթական նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ակնկալում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կդատապարտի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը Երեւանի ավագանու վերջին նիստում «փափախով քուրդ» արտահայտությունն էր արել։
«Այս օրերին Հայաստանում մեր քուրդ եղբայրները եւ քույրերը նշում են գարնան տոնը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել նրանց։ Քուրդ համայնքը միշտ կարեւոր դեր ու ներկայություն է ունեցել Հայաստանում։ Պարոն Սիմոնյան, օրերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ։ Եվ որպես Ազգային ժողովի նախագահ, որը նաեւ ղեկավարում է մի խորհրդարան, որը քուրդ ու ասորի համայնքների ներկայացուցիչներ ունի, ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի՝ առնվազն դատապարտող կարճ արտահայտություն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Պարոն Մանուկյան, դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ հաճախ թեւավոր արտահայտություններ կան, որոնք հենց ուղիղ իմաստով չեն գործածվում։ Այսինքն՝ մենք ասում ենք մի բան, որն ասացվածք է, բայց ամենեւին նպատակ չունենք որեւիցե մեկին վիրավորելու։ Հաճախ ենք մեր հարեւանների ազգությունն անվանելով՝ փորձում ենք իրար նույնիսկ վիրավորել, այն պարագայում, որ դա ընդամենը ազգության անվանում է։ Ուստի, ես վստահ եմ, որ պարոն Ավինյանը որեւէ մեկին ոչ վիրավորելու նպատակ է ունեցել, ոչ էլ նման գործողություն է իրականացրել»։
«Մեր ժողովրդի բառապաշարում այնքան թեւավոր արտահայտություններ կան, հղում անելով թեւավոր արտահայտություններին՝ չի կարելի վիրավորել։ Այդպիսի թեւավոր արտահայտություն է անաղուհաց քրդի շուն, բայց որեւէ մեկը չի օգտագործում։ Ամեն դեպքում, մեր քուրդ եղբայրներից ու քույրերից ես ներողություն եմ հայցում, Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակիցներին վիրավորելը»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ