Արարատի զորամասի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ, երեկ կալանքից ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց․ ընտրվել է խափանման այլ միջոց՝ տնային կալանք, եւ կիրառվել է գրավ։
Գործն այժմ դատաքննության փուլում է։ Ըստ մեղադրանքի՝ «Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություններ եւ հովանավորչություն կատարելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար եւ կատարել պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք եւ դրդել է պաշտոնատար անձանց իշխանության չարաշահմանը»: Գործով 4 անձ է անցնում։
Մեղադրանքում նշված է, որ պայմանագրեր են կնքվել Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկայի եւ պաշտպանության նախարարության միջեւ, որ ֆաբրիկան պետք է դերձակի ծառայություններ մատուցի։ Սակայն պայմանագրերով նախատեսված ապրանքատեսակները մինչեւ կատարողի կողմից պատվիրատուին մատակարարվելը, Մասիսի «Գարուն» կարի ֆաբրիկայի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտոնատար անձանց՝ Վարդան Մարտիրոսյանի եւ զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ՝ «տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու պայմաններում պատվիրատուի կողմից դրանք անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ խոստանալով տալ առանձնապես խոշոր չափի, ընդհանուր՝ 6 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք»: Վաղինակ Եղիազարյանը, ըստ մեղադրանքի, այդ 6 մլն 500 հազարից 3 մլն 700 հազարը մաս-մաս փոխանցել է Վարդան Մովսիսյանին եւ Վարդան Մարտիրոսյանին:
Հիշեցնենք․ Մարտիրոսյանը Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկերն է։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: