Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Փաստ»

Մարտ 25,2025 10:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը հակասական ու իրողությունները խեղաթյուրող բազմազան պնդումներով հագեցած հերթական հարցազրույցն է տվել Հ1-ին:

«…Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այո, ինքը՝ Փաշինյանը, բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ նշել է կոնկրետ չափով տարածք՝ 86600 քկմ-ով: Ավելին՝ հատուկ ընդգծել է, որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատկան: Հարկավ, դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վայրկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույցներ է տալիս, դեռ մի բան էլ՝ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք:

Բայց չշեղվենք: Բուն հարցը՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել (ու քանի անգամ), որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այնպես են «ճանաչում», որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են «արևմտյան Ադրբեջան», բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու և ադրբեջանական հրոսակով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական, կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Ավելին, Ադրբեջանն այնպես է «ճանաչում» ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել…

Հաջորդը. երբ Փաշինյանը օրերս իրարահաջորդ ստատուսափոթորիկ արեց՝ անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը», մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել: Այդ կսմիթների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Փաշինյանը ձևացրեց, թե ինքը հեգնանքը չի նկատել ու փորձեց իր հերթին հեգնել, թե հանձնարարել է, որ ստուգեն՝ արդյոք եղե՞լ է այդպիսի պրակտիկա պատմության մեջ:

Բայց ինչո՞ւ շատ հեռու գնալ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո, Փաշինյանը Գրանադայում, ըստ էության, միակողմանի հայտարարություն ստորագրեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ալիևին էլ պետք է մեկնի Գրանադա, ու ենթադրվում էր, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն՝ Փաշինյանի, Ալիևի և ԵՄ քաղաքական ղեկավարության կողմից: Բայց Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ, տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ… ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Փաշինյանը նորից ու նորից վկայակոչել է Ալմա-Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը էն գլխից ճանաչվել է ադրբեջանական, նորից պնդել է այն խախուտ թեզը, թե՝ «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Փաստորեն, «միջազգային հանրությունը» պարապ-սարապ, կներեք, հիմարնե՞ր էին, որ 1992-ից ի վեր ու նույնիսկ աղետաբեր պատերազմից հետո խոսում էին ազգերի ինքնորոշման իրավունքի՝ որպես բանակցային կարևոր կետի ու հակամարտության կարգավորման առանցքային մոտեցման մասին: Էլ ի՞նչ էին տասնամյակներով բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե «փաստաթղթավորված» կերպով Արցախը ճանաչում էին ադրբեջանական:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31