Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ երբ Նիկոլ Փաշինյանն իր համար «փառքով ու պատվով» 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում վերջնականապես հանձնեց Արցախը, և, ի դեմս իրեն, Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ձեռքերը թափ տվեց ու ասաց, որ այլևս իրավասու չէ որևէ հարցում խառնվելու: «Ստացվում է, որ այդ անձը, հանցագործություն գործելով, 2020 թ. պատերազմը չկանգնեցրեց հոկտեմբերի 10-ին, այնուհետև հոկտեմբերի 19-ին (որքան քիչ կլինեին այդ դեպքում մեր զոհերը), գնաց հաջորդ հանցագործությանը՝ մարդկանց բլոկադայի ժամանակ հանձնելով Ադրբեջանին, այնուհետև իր բարձրախոսներից մեկը՝ այն ժամանակ քպական պատգամավոր, հիմա՝ դեսպան, հայտարարեց՝ 150 հազար հայերին պիտի զոհեն, որպեսզի փրկեն երեք միլիոնին։ Տեսանք, որ չեն փրկել, դա դեռ նախերգանքն էր, և հիմա արդեն շարունակվում է Հայաստանի հանձնումը: Այդ հանցագործությունների շարքը դեռ շարունակվում է»:
Այս փուլում, ըստ նրա, կարիք կա նոր մեղավորներ կարգելու, իսկ այդտեղ լավագույն տարբերակն արցախցիներն ու Արցախի իշխանություններն են: «Նրանք անընդհատ օրակարգ են բերում ինչ-որ տխրահռչակ փաստաթուղթ: Իրենց ամեն անգամ այս հարցն եմ տալիս՝ եթե առավոտյան արթնանանք, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրած լինի փաստաթուղթ Հայաստանի լուծարման մասին, հնարավո՞ր է այդ փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ճանաչել լուծարված: Իհարկե, ոչ, որովհետև Սահմանադրության մեջ հստակ գրված է, թե ինչպես է ստեղծվում պետությունը, և ով ունի իրավասություն այն լուծարելու: Պետությունները ստեղծում են ժողովուրդները, հետևաբար ժողովուրդներն են իրավասու լուծարել իրենց պետությունը:
Այդ տխրահռչակ փաստաթուղթը, որն, ի դեպ, չի հրապարակվել (դեռ թողնենք դա մի կողմ, համարենք, որ այն կա), որևէ իրավական ուժ չունի, և ստորագրվել է ուժի ազդեցության, թշնամու կողմից շանտաժի ներքո, և պայմանը եղել է այն, որ ժողովրդին թույլ տան դուրս գալ և չկոտորեն։ Այդ ոչ իրավական փաստաթղթով Արցախի Հանրապետության նախագահը հնարավորություն է տվել, որպեսզի ժողովուրդը չցեղասպանվի: Այդ փաստաթղթի մասին ամբողջ աշխարհում խոսում են միմիայն Հայաստանի իշխանությունները: Ստացվում է, որ դրանով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Այդ փաստաթղթի մասին չի խոսում որևէ այլ պետություն, մասնավորաբար՝ Ադրբեջանը: Նա շատ լավ է հասկանում, որ եթե խոսեր այդ մասին, ստացվում է, որ ճանաչելու էր Արցախի Հանրապետությունը՝ որպես կայացած պետություն: Ինչո՞ւ Ադրբեջանը պահանջեց դա: Վստահ եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համագործակցության արդյունքում է եղել, որպեսզի խաղաթուղթ կամ հաղթաթուղթ տան այս իշխանությունների ձեռքը:
Կարդացեք նաև
Հետագայում Հայաստանի մեր հայրենակիցներին պետք է բացատրեին, թե ինչպես եղավ, որ 150 հազար արցախցի մնաց անտուն-անտեղ, առանց իր բնօրրանի: Սա լավագույն տարբերակն էր մոլորության մեջ գցելու մեր հայրենակիցներին, նաև կասկածներ գցելու արցախցիների սիրտը, թե ձեր սեփական իշխանություններն են հանձնել Արցախը: Սրանք մանկամիտ, տգետ քայլեր են, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց այս թեզերը կյանք չեն ունենալու, ժամանակի հարց է, բայց այդ ժամանակահատվածն օգտագործում են, որպեսզի իրականացնեն իրենց մյուս պլանները: Դա Հայաստանի այն հատվածների հանձնումն է, որը հստակ գծագրված պահանջում են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը: Այդ ժամանակահատվածում լավագույն տարբերակն Արցախի իշխանություններին և ժողովրդին մեղավոր կարգելն է»,-ընդգծում է նա:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում