Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ մթնոլորտը հաջողության կեսն է

Մարտ 25,2025 10:00

Սպորտը մնում է սպորտ: Կարելի է հաղթել, կարելի է պարտվել: Կարելի է պարտվել նաեւ խոշոր հաշվով: Նման բաներ պատահել է ամենահեղինակավոր, «ամենաաստղային» թիմերի հետ: Կարեւոր է, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ հանգամանքներում, հասարակական ինչ մթնոլորտում:

Ես որոշակի «փտախտ» եմ զգում մթնոլորտում, որն անդրադառնում է նաեւ ֆուտբոլի մեր ազգային հավաքականի վրա:

Թե ինչպիսի մարզիչ է Ջոն վան’տ Սխիպը զուտ ֆուտբոլային առումով, ինչ տակտիկական սխեմաներ է կիրառում եւ այլն, ես չեմ կարող ասել` այդ մասին կարող են խոսել ֆուտբոլի նեղ մասնագետները: Սակայն վերջին երկու խաղերը ցույց են տալիս, որ պարտության պատճառը միայն զուտ ֆուտբոլային չէ: Տղաներն իրար չէին հասկանում, իրարից, կարծես, դժգոհ էին ու նույնիսկ՝ նեղացած: Հոգեբանական ճիշտ պատրաստությունը, թիմային ոգու կերտումը, համերաշխության, փոխօգնության մթնոլորտի ստեղծումը, կարծում եմ, մարզչի պարտականությունն է:

Վան’տ Սխիպն ասում է, որ վրացի ֆուտբոլիստներն «ավելի բարձրակարգ» ակումբներում են խաղում, քան մերոնք եւ, հետեւաբար, ավելի բարձր «կլաս» ունեն: (Թե ինչու բարձրակարգ ակումբների հայ խաղացողներին չեն հրավիրում, առանձին հարց է): Ընդունենք, մարզիչն այս հարցում իրավացի է: Բայց մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ տեսականորեն ավելի ցածր «կլաս» ունեցող թիմերը միանգամայն «արժանապատիվ» ֆուտբոլ են ցուցադրել:

Իմ պատանեկության եւ երիտասարդության տարիներին ուկրաինական «Զարյա» եւ «Դնեպր» թիմերը, չունենալով Կիեւի «Դինամոյի» եւ մոսկովյան ակումբների «կլասը», երկու անգամ նվաճեցին ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը (1972 եւ 1983): «Արարատի» մարզիչներ Պոնոմորյովը, Գլեբովը եւ Սիմոնյանը կարողանում էին թիմը համախմբել եւ դարձնել մեկ օրգանիզմ:

Նոր ժամանակներում՝ 2016 թվականին եվրոպական ամենափոքր բնակչությունն ունեցող երկրներից մեկի՝ Իսլանդիայի հավաքականը, որն իր կազմում հաստատ չուներ համաշխարհային «մեգաաստղեր», հասավ մինչեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Ինչո՞ւ ենք օրինակների համար հեռու գնում: Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես էր խաղում մեր հավաքականը Յան Պորտերֆիլդի, իսկ այնուհետեւ՝ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ: Շոտլանդացի մարզիչն, իմ կարծիքով, լեռնեցու ոգի ուներ (նաեւ պայքարում էր քաղցկեղի դեմ) եւ այդ ոգին կարողացել էր փոխանցել հավաքականի խաղացողներին: Մենք այն ժամանակ էլ չկարողացանք դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ընտրանու խաղի համար մենք այն ժամանակ չէինք կարմրում: Իսկ հիմա կարմրում ենք:

…Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երկու խայտառակ պարտություններից հետո ասում է. «Մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից»: Ֆուտբոլի նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը խիստ դրական է՝ դա մեր, ինչպես եւ աշխարհում միլիոնավոր մարդկանց, ամենասիրելի խաղն է: Բացասական է վերաբերմունքը ֆուտբոլային «նաչալստվայի» նկատմամբ, որը գնում է փլուզումների եւ տապալումների ճանապարհով:

Լավ է՝ չի ասում, որ պարտությունները մեր ֆուտբոլն ավելի «ինքնիշխան» են դարձնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իրական ֆուտբոլ է խաղեցնում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31