«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՔՊ-ական մի խումբ նորելուկներ, որոնցից ոմանք պատահականության և իրավիճակային բախտի բերումով դարձել են ԱԺ պատգամավորներ, արդեն մի քանի օր է՝ լծվել են սլաբոդկայի Վարդան Ղուկասյանի քարոզչությանը։ Տեսնելով, որ կեղծված սոցիոլոգիական հարցումները հօդս ցնդեցին, վարչական ռեսուրսը չաշխատեց, իսկ քաղաքում իրենց նկատելի աջակցություն ուղղակի չկա, նրանք ընտրել են ամենապրիմիտիվ մեթոդը՝ բոլոր ոչիշխանական ուժերին փորձելով կապել Վարդանիկի հետ։
Այսօր արդեն հրապարակավ հայտարարում են՝ ով ձայն տա ՔՊ-ից բացի որևէ ուժի, ձայն է տալիս Վարդանիկին։ Սա քաղաքական շանտաժ է։ Սա պարազիտիզմ է՝ ի սպաս սեփական ձախողումը քողարկելու։
Երբ այլևս չունես ասելիք, երբ խուսափում ես ուղիղ բանավեճից, խեղաթյուրում ես իրական մրցակիցների պատկերն ու փախչում ծրագրային քննարկումներից՝ ընտրում ես էժան մանիպուլյացիա։ Վախի քարոզը դառնում է միակ գործիքը։
Կարդացեք նաև
Ու սա անում է իշխանությունը, որը տարիներ շարունակ հրապարակավ մեղադրում է Վարդան Ղուկասյանին քրեական հանցագործությունների մեջ, բայց այդ մեղադրանքներից ոչ մեկն չի վերածվել իրավական գործընթացի։ Ոչ վարույթ, ոչ դատավարություն։
Եթե Վարդանիկը հանցագործ է, ինչո՞ւ է ազատության մեջ։ Ինչո՞ւ է գրանցվել որպես թեկնածու։ Ո՞ւմ եք խաբում։ Ձեր քաղաքական շահի համար տարիներ շարունակ նրան պահել եք քաղաքական դաշտում ու հիմա էլ օգտագործում եք որպես մանիպուլյատիվ վախի գործիք։
Եթե մեկին պետք է մեղադրել Վարդանիկի ներկայության համար, ապա նախ և առաջ՝ գործող իշխանությանը։
Եվ հիմա նույն այդ իշխանությունը հանդգնություն ունի «Եվրադաշինք»-ին նույնացնել անցյալի քրեաօլիգարխիայի հետ։ Մի դաշինք, որի անդամները տարիներ շարունակ պայքարել են հենց այդ համակարգի դեմ, անձամբ ենթարկվել հետապնդումների, ազատազրկման, ճնշումների։
Նրանց նույնացնել Վարդանիկի, Քոչարյանի կամ Բալասանյանի հետ՝ անբարոյականության սահմաններից դուրս է։
Ձեր նպատակը պարզ է՝ քողարկել ձեր ձախողումը Գյումրիում, մոլորեցնել մարդկանց, ստեղծել մթնոլորտ, որում ընտրությունը լինի վախի ու մանիպուլյացիայի արդյունք, ոչ թե քաղաքացու հստակ կամք։
Մենք մերժում ենք այդ խաղերը։ Մենք չենք փչում Վարդանիկին, որ մեր թեկնածուն փայլի։ Մենք չենք ստեղծում շինծու թշնամիներ, մենք առաջարկում ենք պատասխանատու ու բարեխիղճ կառավարման մոդել։
Պարզ ասենք՝ ձեր ձախողումը Գյումրիում արդեն արձանագրված է։ Հավատացեք՝ դա տեսնում են բոլորը։ Մնում է ձեզ միայն լուռ ընդունել այդ փաստը ու հարգել գյումրեցու ընտրությունը։
Եվրադաշինք. Թիվ 6
Վստահություն ապագային»: