Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանի գործով դատավորը անաչառ քննության հավաստիացումներ տվեց

Մարտ 24,2025 22:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր  սկսվեց հասարակական գործիչ  Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նախնական դատալսումները։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

 

Այսօր դատական նախնական լսումների ժամանակ պարոն Ղազարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ անհանգստություն ունեն նիստը նախագահողի անաչառության առումով՝ հաշվի առնելով, որ դատավորը իր կյանքի մի տեւական ժամանակ կրթության եւ աշխատանքային գործունեությամբ կապված է  եղել դատախազության հետ:

Ըստ պարոն Ղազարյանի՝ 2013-ին նիստը նախագահողն ավարտել է  «դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ը, աշխատանքի անցել Արագածոտնի մարզի դատախազությունում, ապա Կենտրոնի դատախազությունում  է աշխատել, 2018-ին եւ 2025-ին  գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել է :

Էդգար Ղազարյանն ասաց, որ անհանգստություն ունեն, որ այս վարույթով հնարավոր է դատախազության դիրքորոշումը  գերիշխի, այլ ոչ թե դատարանը պահպանի անաչառություն:

Նիստը նախագահողն էլ պարզաբանեց, որ մինչեւ դատախազ աշխատելը հինգ տարի աշխատել է  որպես փաստաբան, հետո նոր դատախազ ու վստահեցրեց՝ իր նախկին աշխատանքային գործունեությունը որեւէ կերպ չի կարող խաթարել դատարանի անաչառ սկզբունքը:

Նիստը նախագահողը նաեւ հայտնեց, որ այս վարույթի շրջանակում ներգրավված հանրային մեղադրող Ավետյանի հետ աշխատել է մի քանի տարի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, բայց այդ հանգամանքը չի կաշկանդի դատարանի անաչառ գործունեությանը:

Ամեն դեպքում պարոն Ղազարյանն ու իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեցին, որ հիմքեր չունեն դատարանին ինքաբացարկ հայտնել, նրա հավաստիացումներն էլ համարում են բավարար:

Սակայն բացարկի միջնորդություն  հայտնեցին հանրային մեղադրող Ավետյանին:

«Մենք միջնորդում ենք ՝ պարոն Ավետյանը հեռացվի այս վարույթից, չմասնակցի այս դատական լսումներին առհասարակ: Պատճառն այն է, որ առկա են հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթով նրա անկողմնակալության վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով՝ դատախազի կողմից խախտվել են իրենց դատավարական իրավունքները, խելամիտ ժամկետներ չեն տրամադրվել իրենց կողմից ներկայացված  միջնորդությունները քննության առարկա դարձնելու  եւ դրանցով պայմանավորված վարութային գործողություններ կատարելու ու դրա արդյունքում իրենց իրավունքները  պաշտպանելու առումով:

Դատարանը, սակայն մերժեց հանրային մեղադրողի վերաբերյալ բացարկի միջնորդությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31