Գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը երեկվանից նստացույց է սկսել Գյումրու պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնը առևտրի մոլի չվերածելու պահանջով։
Այս պահին «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղակայված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։
Արթուր Ադամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր բողոքի ցույցը քաղաքական չէ, իզուր են փորձում քաղաքական երանգ հաղորդել։
Կարդացեք նաև
«Իմ պահանջը հետևյալն է, քանի որ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը պատմամշակութային է․ ժառանգություն է հասել մեր պապերից, այն այսօր գտնվում է սեփականատիրոջ ձեռքերում, չեմ հասկանում պետությունը ինչպե՞ս է վաճառել այն, մարդն ուզում է պատմամշակութային կառույցը խեղաթյուրել, երրորդ հարկ ավելացնել, դարձնել երեք հարկանի առևտրի մոլ։
Իմ ասելիքը շտաբ դարձնելու հետ կապված է, սակայն ոչ քաղաքական առումով։ Մինչև նախընտրական շտաբ դառնալը, «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքն արհեստական փակել էին, իբրև թե շինարարություն էին անում, բայց երբ Սարիկ Մինասյանի համար որպես շտաբ հատկացրեցին, պարզվեց ոչ մի շինարարություն էլ չի եղել ներսում։
Երբ մեր մարզպետը միջոցառում էր կազմակերպել ներսում, բոլորը հրավիրված էին, դահլիճում ոչ մի գործընթաց, գործունեություն չէր ծավալվել, ուղղակի մարդը վերցրել, արհեստական փակել էր կինոթատրոնի շենքը մեկ տարով՝ գյումրեցիներին, նրանց ընտանիքներին, երեխաներին զրկելով կինոթատրոն հաճախելու հնարավորությունից։
Տեսեք Վազգեն Սարգսյանի կինոն դիտելու համար գյումրեցիները հասնում են Երևան, այս խնդիրն է՝ ո՞նց կարելի է մի ամբողջ քաղաքի զրկել կինոթատրոն ունենալու հնարավորությունից։
Երկրաշարժից առաջ մենք ունեցել ենք 6 կինոթատրոն, էսօր ունենք մեկ հատ, էն էլ սեփականատիրոջ ձեռքերում է, մենք չգիտենք էլ ինչ կլինի․ կուզի կփակի, կուզի կբացի։
«Հոկտեմբեր» կինոթատրոնը ժամանակին վաճառվել է «Մոսկվա» կինոթատրոնին, պայմանագրի մեջ հստակ նշված է եղել․ 100 տարի այնտեղ պիտի լինի կինոթատրոն, այլ գործունեություն ծավալելու իրավունք չեն ունեցել։
Բայց երբ որ «Մոսկվա» կինոթատրոնը վաճառել է մյուս գնորդին՝ Արման Սահակյանին, նման ձևակերպում պայմանագրի մեջ չեն մտցրել։ Այսինքն՝ Արման Սահակյանի ձեռքերն հիմա ազատ են, ուզում է՝ երրորդ հարկ կառուցել և ունենալ մոլ քաղաքի կենտրոնում», -ասաց Արթուր Ադամյանը։
Ըստ բողոքի ցույց անցկացնող բլոգերի, գործարար Արման Սահակյանը Սարիկ Մինասյանին կարգում է Գյումրու քաղաքապետ, որից հետո ինչպես ուզի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը կձևափոխի ու առևտրի կենտրոնի կվերածի։
«Պատկերացրեք մոլ բացվի, Գյումրու հրապարակն ինչի կվերածվի։
Արժեքների մասին է իմ խոսքը, իսկ էսօրվա կառավարության մոտ ամենակարևոր արժեքը միայն փողն է։ Ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվություն կա բիզնեսի վրա դրված, Ամենափրկիչ եկեղեցին Վարդան Ղուկասյանն է կառուցել, նվիրել քաղաքին, Բալասանյան Սամվելենք «Սև Բերդն» են կառուցել, նվիրել քաղաքին, այսինքն՝ սոցիալական պատասխանատվության մասին է խոսքը։
Քաղաքական երանգ են տալիս, ասում են՝ հիմա քաղաքական գործընթաց է, թող ընտրվի, նոր կանես նստացույց, եղբայր, երբ ընտրվեց, էլ դեմը չենք կարող առնել»,- ասաց բլոգերը։
Նա նշեց, որ իր նստացույցը սկսել է «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենք դիմաց,սակայն սադրանքներ են անում, որի պատճառով ոստիկանությունը իրեն նախազգուշացրել է, թե իր անձի անվտանգության առումով խնդիրներ կան, ստիպված այսօր տեղափոխվել է «Ամենափրկիչ» եկեղեցու տարածք։
«Վրան անգամ չեն թույլատրում տեղադրեմ, վաղը ակցիան կկազմակերպեմ Ռիժկովի ճեմափողոցում», -ասաց Արթուր Ադամյանը։
Բլոգերը նշում է, երբ հացադուլ էր հայտարարել «Վառեմ-Մարեմ» պատմական շենքը փլուզումից փրկելու համար, այն ժամանակվա քաղաքային իշխանությունը՝ «Բալասանյան դաշինքը» իրեն վրան էր տրամադրել։
«Ասացին՝ հացադուլավոր ես, քեզ վրան կտանք, վաղը չասես, թրջվեցի, մեռա, բայց էս մարդիկ ոչ մի բան, միայն խոչընդոտում են, ցանկացած ճիշտ խոսույթ իրենց մոտ չի անցնում», -ասաց Արթուր Ադամյանը։
Կհրապարակենք նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանի պարզաբանումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ