Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Եթե տղամարդավարի կանգնեք, Նիկոլը մի օր ստիպված Ալիեւին ասելու է, որ այստեղ ոչինչ անել չի կարող, որովհետեւ ժողովուրդը կանգնած է»

Մարտ 24,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆուտբոլում Վրաստանից կրած խոշոր հաշվով երկու պարտությունները «Հայելի» ակումբում նմանեցրեց բոլոր ոլորտներում տիրող խայտառակ իրավիճակներին: Հիշեցնելով, որ բոլոր ժամանակներում անգամ մեծ զորավարներին, որոնք խոշոր հաղթանակներ են կերտել, բայց մեկ պարտության համար հեռացվել են, նշեց, որ այսօրվա Հայաստանում դա չի աշխատում եւ իշխանությունն իր պարագլխի գլխավորությամբ շարունակում է պաշտոնավարել եւ հաճույք ստանալ բոլոր ոլորտներում պարտություններից:

Խոսքն ուղղելով սյունեցիներին՝ պարոն Բագրատյանն ասաց. «Սյունեցիներ, այդտեղ միջանցք է լինելու եւ Հայաստանի հյուսիս, հարավ գնալու համար այդտեղ հերթ եք կանգնելու անցակետերում: Ես ձեզ սա ասում եմ այս գլխից: Խոսում եք Նժդեհից: Այդտեղ կան այդպիսի մարդիկ: Եթե դուք տղամարդավարի կանգնեք, այդպիսի բան տեղի չի ունենա, որովհետեւ Նիկոլը մի օր ստիպված կանգնելու եւ Ալիեւին ասելու է, որ այստեղ ոչինչ անել չի կարող, որովհետեւ ժողովուրդը կանգնած է: Ես կարծում եմ, որ սա չի համարձակվի այդպիսի բան անել, որ սյունեցիները իրենց բարձրության վրա կկանգնեն:

Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ես առանձնապես ֆուտբոլից բան չեմ հասկանում: Բայց մի բան գիտեմ. այդտեղ մոտիվացիա չկա, այդտեղ խնդիրներ կան, փողերի խնդիրներ կան: Մարզիչների փոփոխությունը ինձ համար անտանելի է, անհասկանալի է եւ թափանցիկ չէ: Ինչի՞ չեն հրավիրում, ասենք, Վարդան Մինասյանին: Որովհետեւ նա իրենց մարդը չէ: Ինչի՞ են հալածում Ռուբեն Հայրապետյանին: Որովհետեւ մարդը, գուցե, կմտներ եւ նման խաղի համար մի երկու լավ խոսք կասեր: Ինչի՞ չի խաղում Հենրիխը, որը փայլում է «Ինտերում», թեկուզ արդեն 36 տարեկան է: Նա կենտրոնում խաղը կազմակերպում էր: Պրոֆեսիոնալիզմը այդտեղ է:

Այս ամենը կոտրում է ազգին: Մենք ըստ էության, դարձել ենք երկրորդ սորտ: Ո՞նց կարող էր ժողովուրդը երկու անգամ Փաշինյան ընտրել: Եթե Փաշինյանը մնա, իմացեք, որ լինելու ենք նույն վիճակում. ինչպես բանակն է, ֆինանսներն են, բանկերն են: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում ոչինչ: Ու չհասկանալով՝ ֆինանսների, էկոնոմիկայի նախարար դնում է մարդկանց, որոնք ավելի քիչ են հասկանում ու ավելի պակաս ազնիվ են, քան ինքը: Իբրեւ ինքը դրանց մոտ հրեշտակ է: Ոչ մի բան ճիշտ չէ»,-ասաց նախկին վարչապետը:

Բագրատյանի խոսքով, Նիկոլն ալիբի է գտել, ասում է՝ ինչ տամ, ասելու են միջանցք է տալիս: Այո, միջանցք է տալիս: Ու միջանցք տալը նշանակում է Հայաստանը բաժանել երկու մասի՝ Հյուսիսային Հայաստան եւ Հարավային Հայաստան: Ու մեկից մյուսը գնացող հայաստանցուն ասելու են՝ կգնաս, եթե ադրբեջանցին թույլ տա: Դա նշանակում է Հայաստանի կործանում: Նիկոլն Ալիեւին ասում է՝ հանգիստ եղիր, այդքան բան մի պահանջիր: Ես մնամ, ամեն ինչ ստանալու ես: Ու այս խաղաղության պայմանագիրը զիջումների սկիզբն է լինելու: Այս մարդը Հայաստանը կործանելու է: Որովհետեւ եթե սա ամեն ինչ տա ու Հայաստանից մնա, ասենք, մի Հրազդան քաղաք, այդ քաղաքը Նիկոլից հաշիվ է պահանջելու: Դրա համար ժողովուրդը պետք է հիմա իրեն ցույց տա, ցույց տա, որ ինքը փալաս չի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31