Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արարատ Միրզոյանի ցուցմունքը չենք ստացել, հետազոտել, ո՞նց ենք դրա մասին բան ասում»․ Միրզոյանի ծեծի գործով փաստաբան

Մարտ 24,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանի փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց, որ դիմել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Ասատրյանին՝ խնդրելով տրամադրել Արարատ Միրզոյանի հարցաքննության արձանագրությունը։ Նաև նշեց, որ դատարանից ստացել է գրություն այն մասին, որ գործը դատաքննության փուլում է գտնվում, իրենք վարույթի մասնակից չեն, և ցուցմունքը չի կարող տրամադրվել։ Այնուհետև այս նիստը նախագահող Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին միջնորդեց դիմել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և խնդրել Արարատ Միրզոյանի ցուցմունքը։

Ի պատասխան Ժորա Չիչոյանն ասաց․ «Ինչքանո՞վ է դա ողջամիտ, որ նույն գործողությունը դատարանն իրականացնի ու նույն պատասխանը ստանա»։

Արա Զաքարյանը պնդեց՝ դա ողջամիտ է և հիմնավորեց, որ դատարանն իրականում չի ցանկանում տրամադրել Արարատ Միրզոյանի ցուցմունքը, դրա համար էլ այդպիսի գրություն է ուղարկել։

Դատավորն ի պատասխան ասաց․ «Անցյալ նիստին արձանագրեցինք, որ այդ ձայնագրությունը տուժողի՝ դատարանում տված ցուցմունքը համացանցում հասանելի է։ Պատճառն ի՞նչ է, որ այդտեղից չեք վերցնում»։ Արա Զաքարյան ասաց․ «Ինձ անհրաժեշտ է այն, ինչը որևէ մեկի մոտ կասկածի տակ չի դրվի։ Չգիտեմ՝ ինչ կա համացանցում, ինչ՝ ոչ»։

Արա Զաքարյանն ասաց․ «Մեղադրող կողմի փաստարկն այն է, որ դատարանը չունի գործիքակազմ տվյալ ապացույցը ստանալու առումով, քանի որ տվյալ դատարանը վերադաս չէ մեկ այլ քրեական գործը քննող դատարանի համար։ Նման փաստարկներն առարկայազուրկ են, վերադաս-ստորադաս հանգամանքը քննարկման առարկա չէ, այստեղ էական է դառնում ապացույցը ձեռք բերելու առումով աջակցության հարցը, որի իրավասությունն ունի այս դատարանը։ Մյուս կողմից մեղադրող կողմը, նման փաստարկ բերելով, երևի թե անտեսում է, որ պաշտպանական կողմը զրկվում է իր համար ապացույց ձեռք բերելու, դրան ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում նաև դատարանին ներկայացնելու հնարավորությունից։ Երկրորդ փաստարկն այն է, որ Արարատ Միրզոյանը որևիցե բան չի ասել այս դատավարության ընթացքում, որը կարող է այս գործի համար նշանակություն ունենալ։ Քանի դեռ մենք դա չենք ստացել, չենք հետազոտել, ո՞նց ենք դրա մասին կարողանում բան ասել։ Այսինքն՝ ակնհայտորեն իրենք մեր հանդեպ առավելության պայմանների մեջ են գտնվում։ Երրորդ հանգամանքը նորից կրկնվում է, որ համացանցում մոնտաժված չէ։ Որտեղի՞ց ապացույց, որ համացանցում ամբողջական հարցաքննության արձանագրությունն է»։

Նախագահող դատավորը, դիմելով պաշտպանին, ասաց․ «Ենթադրենք դատարանը Ձեր միջնորդությունը բավարարեց և դիմեց մյուս դատարանին, նա էլ պայմանականորեն տրամադրեց Արարատ Միրզոյանի ցուցմունքը։ Դա ի՞նչ ապացույցի շրջանակում պետք է դատարանը գնահատի՝ զուտ ապացույցի բովանդակությունից ելնելո՞վ։ Յուրաքանչյուր անձի հարցաքննություն դատարանն անմիջականորեն գնահատում է իր տված ցուցմունքի արժանահավատությունը գործով ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա։ Դուք ասում եք՝ այլ դատարանում տված ցուցմունքը լսենք, հասկանանք՝ որն է ավելի արժանահավատ։

Ենթադրենք՝ դատարանն Արարատ Միրզոյանի տված ցուցմունքներում հակասություն է տեսնում՝ գնահատելով դատավոր Ասատրյանի մոտ տված ցուցմունքն ավելի արժանահավատ, իսկ պարոն Ասատրյանը հակառակն է գտնում, որ ինձ մոտ տված ցուցմունքն արժանահավատ չէ։ Հակասությունները ո՞նց ենք գտնելու»։

Արա Զաքարյանն ասաց՝ դրանից առաջ պետք է, որ պաշտպանական կողմն այդ ապացույցներն ունենա իր տրամադրության տակ։

Դատարանը որոշեց բավարարել Արա Զաքարյանի միջնորդությունը և դիմել մյուս դատարանին՝ փորձելով ստանալ Արարատ Միրզոյանի ցուցմունքը ու ասաց․ «Եթե չստացվի, դատարանն այլ գործընթաց չունի դա ստանալու, ուրեմն կնայեք համացանցում»։

Այսպիսով դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստն այս գործով տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31