«Շատ կարեւոր են Գյումրիի ընտրությունները: Անցյալ ընտրությունների ժամանակ Բալասանյան դաշինքն էլ հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանի հետ կարող է ճանապարհ անցնել, բայց տեսավ, թե վերջում ինչ դրեցին գլխին: Սա շատ կարեւոր օրինակ է, որ հասկանան, որ եթե մեկը մտքի ծայրով անցկացնի, թե կարող է ոչ թե ճանապարհ, այլ անգամ քանի մետր քայլել ՔՊ-ի հետ, չարաչար սխալվում է, նման կերպ մտածողը ՔՊ-ից ավելի վատն է: Անգամ «Եվրաքվե» կոչվածներն են հրապարակային հայտարարում, որ ոչ մի կերպ չեն միանալու ՔՊ-ին, չնայած նման խոստումներին չպետք է հավատալ»,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«ՔՊ-ն Գյումրիում չունի անգամ 20%-ի հասնելու հնարավորություն, խայտառակ վիճակ է: Անգամ դրա մասին Նիկոլ Փաշինյանն է իր թիմին զայրացած հայտարարել: Իբր ինքը մի մեծ հեղինակություն է, նրանց էլ ասել է՝ էդ ինչ հեղինակություն ունենք, որ մի 20%-ի հույս չունենք: Եվ սա այն պարագայում, երբ իրենց միջից մեկին չեն գտել, այլ գտել են մեկին, որը մի քանի կուսակցություն է փոխել, թեկնածու են ուզում սարքել, վարչական լծակները գործի դնելով, մնացածի համար անհավասար պայմաններ ստեղծելով, ամբողջ քարոզչությունն ուղղորդելով…Երեւան քաղաքում ինչքան Գյումրեցի կա, որ պետական ապարատում է աշխատում, հրահանգ են իջեցրել, որ գնան, օգնեն, որպեսզի խայտառակ չլինեն, բայց սա ձեզ չի օգնելու: Մամուլում էլ է շրջանառվել, որ ռազմական ոստիկանության պետն իր հերթին է կանչում՝ հրահանգներ տալիս, Գյումրիի տասնյակ ՊՈԱԿ-ների տնօրեններին եւ աշխատակիցներին են կանչում…Էլի եմ ասում՝ դա ձեզ չի փրկելու, դուք Գյումրիում չկաք»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ