Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ՝  պատանդների ազատման, արդարության հաստատման և Հայաստանի պաշտպանության համար

Մարտ 24,2025 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ՝  պատանդների ազատման, արդարության հաստատման և Հայաստանի պաշտպանության համար

Մարտի 20-ին Արցախ միության նախագահ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախկին պետական նախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում կազմակերպված համաժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը և միջազգային հանրության դերակատարությանը այդ ոճիրներին արձագանքելու գործում։

Համաժողովը հյուրընկալել էր Դանիայի խորհրդարանի անդամ Շուրուր Սկոլեն՝ դանիական միջազգային Mission10forty ՀԿ-ի կազմակերպմամբ՝ դոկտոր Կիմ Հարցների ղեկավարությամբ։ Միջոցառմանը մասնակցել են հայտնի բանախոսներ, այդ թվում՝ Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Դանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Զիմերեյը, Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյոնգեն, ինչպես նաև հարգված գիտնականներ և հումանիտար գործիչներ, ինչպիսիք են Մաթիաս Բյորնլունդը, Վահագն Ավեդյանը և Րաֆֆի Դուդակլյանը։

Իր հուզիչ և հրատապ ելույթում Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է Արցախում Ադրբեջանի ալիևյան ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները, այդ թվում՝ ցեղասպանությունը, բռնի տեղահանումը և հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Նա նաև ներկայացրել է յոթ հստակ քայլեր, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի` հայ ժողովրդին պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար.

1.Պատանդների ազատ արձակում. Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում: Պաշտոնապես հաստատված է առնվազն 23 պատանդ, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներ: Նրանք հետապնդվում և խոշտանգվում են ոչ թե որևէ հանցագործություն կատարելու, այլ հայ լինելու, մեր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և իրենց ժողովրդին ներկայացնելու համար:

2.Մշակութային և քրիստոնեական ժառանգության պաշտպանություն. Մեր մշակութային և կրոնական ժառանգությունը, մեր տների հետ մեկտեղ, պետք է պաշտպանվեն՝ որպես միջազգային հանրության պատասխանատվություն: Չնայած միջազգային դատարանների վճիռներին, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կամ յուրացնել հայկական եկեղեցիները, գերեզմանները և գույքը:

3.Մարդասիրական և ինքնության աջակցություն տեղահանված հայերին․ Կենսական է Արցախից տեղահանված և այժմ Հայաստանում ապրող հայերին ցուցաբերել աջակցություն՝ ոչ միայն հիմնական հումանիտար կարիքները հոգալու, այլ նաև մեր ինքնությունը և հավաքական իրավունքները պահպանելու համար: Առանց այս աջակցության՝ մենք կանգնում ենք մեր հույսը և ժառանգության հետ կապը կորցնելու վտանգի առաջ։

4.Միջազգային արդարության հետապնդում. Մենք պահանջում ենք միջազգային արդարություն այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը (ICC) և համընդհանուր իրավազորությունը: Արդարությունը կարևոր է ոչ միայն հայերի և տարածաշրջանային խաղաղության, այլև մարդկության դեմ ուղղված հետագա հանցագործությունների կանխարգելման համար:

5.Անվտանգ և արժանապատիվ վերադարձ. Մեր ռազմավարական նպատակն է հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք: Առանց վերոնշյալ հանցագործությունների արմատական պատճառների և հետևանքների վերացման՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը անհնար կլինի։

6.Հայատյացության քաղաքականության վերացում. Ադրբեջանում պետական հովանավորություն ունեցող  հայատյացությունը և ռասսայական ատելությունը պետք է վերացվի: Այս նացիստական գաղափարախոսությունը  խթանում է շարունակվող բռնությունը, ամրապնդում է ավտորիտար կառավարումը և խոչընդոտում խաղաղությանն ու ժողովրդավարությանը։

7.Հայաստանի պաշտպանություն և հետագա ցեղասպանության կանխարգելում․ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ խոսույթը Հայաստանը գրավելու իր նկրտումները արդարացնելու համար: Բռնապետ Ալիևը իրեն ուժեղ է զգում անպատժելիության և Արևմուտքի լռության պատճառով: Ուստի, միայն կոշտ միջոցները, ինչպիսիք են՝ պատժամիջոցներն ու Միջազգային քրեական դատարանի հետաքննությունը, կարող են կանխել հետագա վայրագությունները:

Բեգլարյանը նշել է. «Մեզ պաշտպանելը նշանակում է պաշտպանել ինքներդ ձեզ: Մենք՝ հայերս, կանգնած ենք արդարության, մարդկության և քրիստոնեական քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում: Հիմա գործելու ժամանակն է, ոչ թե միայն խոսելու»:

Ֆրանսուա Զիմերեյը նշել է. «Սա Դա էթնիկ զտում էր՝ կրոնական բաղադրիչով հանդերձ:

Խոցելի ժողովուրդների միակ պաշտպանությունը միջազգային արդարադատությունն է: Հզոր քայլ կլիներ, եթե Դանիան միանար մեզ՝ գործը Միջազգային քրեական դատարանում քննելու հարցում: Դա և՛ Դանիայի, և՛ Եվրոպայի առաքելությունն է»:

Պատգամավոր Շուրուր Սկոլեն ընդգծել է, որ «պատանդները պետք է ազատ արձակվեն», ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարան դիմելուն՝ Եվրոպական խորհրդարանի պահանջներին համահունչ:

«Mission10forty»-ի գործադիր տնօրեն Կիմ Հարցները վերահաստատել է կազմակերպության շարունակական հանձնառությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդին և պաշտպանելու համընդհանուր մարդու իրավունքները: Նա նշել է, որ «Mission10forty»-ն աջակցություն է տրամադրել Հայաստանում գտնվող ավելի քան 10,000 փախստականների:

Համաժողովը եզրափակվել է միասնական կոչով՝ անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկելու, անպատժելիությանը վերջ տալու, տուժածների համար արդարություն ապահովելու և տարածաշրջանում հետագա վայրագությունները կանխելու համար:

Արտակ Բեգլարյանի ամբողջական ելույթը հասանելի է այստեղ`

 

Համաժողովի ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31