Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ մենք հայերով պետք է շնորհակալ լինենք իրենց, որ տեղում չեն սպանել, այլ դատում են հայերին»․ Աննա Մելիքյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին ադրբեջանցիների ելույթների մասին

Մարտ 24,2025 17:39

«Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա վերջերս մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին։ Այդ միջոցառման ժամանակ ադրբեջանական կողմի մասնակցության մասին ներկայացրեց որոշ տպավորություններ․ «Ակնհայտորեն Ադրբեջանի ՀԿ-ների կողմից ակտիվություն ենք նկատել, որոնք տարածում են պետական նարատիվները։ Այս անգամ կրկին չէր տարբերվում նախորդ փորձից։ Ունեին 4-5 ներկայացուցիչ, որոնք որպես ՀԿ-ների ներկայացուցիչներ էին ներկայանում։ Այս տարի համաժողովի թեման լրագրողների դերն էր զինված ընդհարումների համատեքստում: Նաև խոսում էինք ապատեղեկատվության մասին, մեդիաների դերը խաղաղության ժամանակահատվածում։

Ադրբեջանցի 4-5 բանախոսները որդեգրել էին ամերիկյան, այսպես ասած, «վատ ոստիկան, լավ ոստիկան մոտեցումը»։ Առաջինը սկսեց ողջունել խաղաղության դարաշրջանը, շնորհավորեց երկու պատվիրակություններին, որ համաձայնությունը հաստատված է։ Որևէ քննադատություն չէր հնչեցնում ՀՀ-ի վերաբերյալ։ Ի տարբերություն նրան, հետո խոսողներն ակնհայտորեն բացասաբար ու քննադատաբար էին խոսում ՀՀ-ի մասին։ Մեղադրում էին խաղաղության ցանկության բացակայության մեջ, կրակոցների հիշատակում եղավ, որ իբր ՀՀ-ն սադրում է։

Ես իմ ելույթում լրագրողների նկատմամբ արձանագրված խախտումներին էի անդրադարձել, ԼՂ ԶԼՄ-ներին չթողնելու խնդրին, հիմա Բաքվում ընթացող այսպես կոչված «դատավարություններին» անկախ ԶԼՄ-ների բացակայությանը: Գուցե որպես արձագանք իմ ելույթին նախ ասացին, որ մենք հայերով պետք է շնորհակալ լինենք իրենց, որ տեղում «ահաբեկիչներին» չեն սպանել։ Նշում էին, թե դա ադրբեջանական իշխանության մարդասիրության դրսևորումն է, որ չեն սպանում, այլ դատում են հայերին։ Խոսեցին, որ ԼՂ գոյություն չունի, նման տարածքային կազմակերպության հիշատակում չպետք է լինի, որ ՀՀ-ում ռևանշիզմը բարգավաճում է և այլն։ Ընդ որում, ամեն անգամ ԼՂ արտահայտության հիշատակումն իրենք դիտարկում են՝ որպես ռևանշիզմ։ Մեզ էլ մեղադրում էին, որ մենք գրպանային կազմակերպություններ ենք և ռևանշիզմի, սեպարատիզմի, ագրեսիայի ջատագով ենք։ Թեև համաժողովի թեման դա չէր, բայց ամեն առիթ բաց չէին թողնում հիշեցնելու, որ ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ ապահովի ադրբեջանցիների վերաբնակեցման իրավունքը ՀՀ-ում։ Բանախոսներից մեկը, թեև ՀԿ ներկայացուցիչ էր, հպարտությամբ նշում էր, որ տեղեկատվական պատերազմում 2020-ին Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ է տարել, քանի որ իրենց նախագահը 31 հարցազրույց է հաջողացրել տալ միջազգային ԶԼՄ-ներին՝ առաջ տանելով իրենց նարատիվները։ Սա ցուցիչ էր, որ իրենք մինչ օրս էլ կարևորում են թելադրող լինելը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ իրենք կորցնում են նախաձեռնությունը թելադրելու և փորձում են այլընտրանք ստեղծել, երկրորդային ճակատ բացել՝ ասելու, որ սա իրական համաձայնության ուղին չէ, ՀՀ-ին մեղադրեն, որ պատրաստ չէ իրական խաղաղության, քանի որ դա չի տեղավորվում իրենց ընդհանուր մոտեցումների մեջ՝ ցույց տալով, որ ՀՀ-ն ագրեսոր է, նրա հետ հնարավոր չէ հարցեր լուծել առանց ուժի կիրառման։ Սա կարող է հող նախապատրաստել, որ ամեն պահի հիմք ունենան և հերթական էսկալացիայի գնան, եթե հասկանան, որ այլընտրանք չկա»։

Աննա Մելիքյանի կարծիքով՝ մենք պետք է ակտիվորեն հակազդենք Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, քանի որ իրենք ոչ միայն ակտիվ ապատեղեկատվություն են տարածում զինադադարի ռեժիմի մասով, այլև նույն դատավարություններն օգտագործում են՝ որպես մեծ գործիք ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի դեմ՝ ըստ էության ամեն օր ընդգծելով, շարունականաբար ցույց տալով, որ ՀՀ-ն է մեղավոր․ «Ստեղծում են ՀՀ-ի՝ որպես ագրեսոր կերպարը՝ դրանով համոզելով միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն է սխալ և ՀՀ-ին աջակցելու, Ադրբեջանին ճնշելու, կամ նրանից ավելի շատ փոխզիջում ստանալու ճանապարհին ՀՀ-ն լեգիտիմ պահանջ չունի։ Ցավոք, նրանց մասամբ հաջողվել է այդ կերպարը ստեղծել, տեսել ենք, թե ինչպես է փոխվել ընկալումը՝ ինքնորոշման իրացումից դարձնելով տարածքային վեճ։ ՀՀ-ի դերը փոխվում է ոչ միայն պաշտպանել բնակչությանը, այլև զավթել այլ պետության տարածքներ, և, ըստ էության, հիմա էլ, եթե ՀՀ-ն փորձի խոսել և արդարանալ, ստացվում է, որ օկուպացրել եք տարածքներ տարիներ շարունակ, հիմա՞ ինչու եք բողոքում, որ ձեր տարածքները օկուպացված են։ Նման որոշ դիվանագիտական արձագանքներ լսել ենք ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից։

Երբ մենք չենք հակաճառում և լավ հիմնավորված փաստարկներ չենք բերում, մենք կորցնում ենք նախաձեռնությունը և տեղ թողնում ադրբեջանական խոսույթի համար, իսկ իրենք շարունակում են ՄԱԿ-ում տարածել համապատասխան փաստաթղթեր, այլ միջոցառումներ են կազմակերպում՝ ցուցահանդեսներ, ֆորումներ և այլն։ Դրանով մենք կորցնում են մեր՝ լեգիտիմ գործելու կերպարը»։

Աննա Մելիքյանն ընդգծեց․ «Համաձայն եմ, որ մեզ մոտ ԶԼՄ-ները շատ ավելի տարատեսակ մոտեցումներ ունեն և արտահայտում են տարբեր կարծիքներ, և դժվար է ուղղահայաց մի ձայնով խոսել ինչ-որ խնդրի մասին, բայց սա արդար չի կարող լինել հենց կառավարության կողմից պատշաճ ջանքեր չգործադրելու և նման ռազմավարության և համապատասխան միջոցներ չհատկացնելու առումով։ Պարզ է արդեն, որ տեղեկատվական պատերազմը ոչ պակաս է, քան մարտական գործողություններում հաջողության հասնելը, և եթե մենք ցանկանում են որևէ կերպ համոզել համապատասխան միջազգային գործընկերներին, որ սատար կանգնեն մեզ տարբեր հարցերում, պետք է աշխատենք ոչ միայն կոնկրետ գործիչների հետ, այլև ընդհանուր կարծիք ձևավորենք տարբեր երկրներում, որտեղ կարող ենք ակտիվորեն հոդվածներ հրապարակել իրավիճակի մասին, տանել առաջ մեր պատկերացրած ճիշտը՝ չթողնելով այդ բոլոր լծակները Ադրբեջանին։ Ամեն անգամ մենք ստիպված ենք ավելի ու ավելի զիջել։ Երբ մենք չենք հակադրում որևէ հիմնավորում, այլ խոսույթ, ստացվում է, որ եթե ուզում ենք խաղաղություն, հանուն դրա, եթե պատրաստ ենք զիջումների, նույն միջազգային հանրությունն ասում է՝ դե լավ, ոնց որ թե սա էլ են ուզում, ոնց որ թե համոզիչ է՝ Սահմանադրությունը պետք է փոխել, դե փոխեք, էլի։

Նույն Ալիևի ասածը, որ վստահության զրո տոկոս ունի հայկական կողմի նկատմամբ։Դա լավ պատրվակ կարող էր լինել ասելու՝ ունես վստահության խնդիր, առաջարկել ենք վստահության այսպիսի միջոցներ՝ ԵՄ դիտորդների առկայությունը, կամ նույն այդ հրադադարի խախտման մեխանիզմը, որ տարիներ շարունակ հայկական կողմը պնդում է։ Կարելի էր նախահարձակ դա բերել տեղեկատվական դաշտ և միջազգային գործընկերներին համոզել, որ մենք եթե չունենք որևէ միջազգային մեխանիզմ, որը պետք է աջակցի այս խաղաղության համաձայնագրի կատարմանը, և չկա որևէ այլ մեխանիզմ, որ պետք է նպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը, այլ դեպքում այս գործարքը ռեալ չէ։ Եթե միջազգային հանրությունն ուզում է համոզված լինել, որ կարող ենք դա ի կատար ածել, ուրեմն Ադրբեջանին պետք է ակտիվորեն առաջարկի, որ համաձայնի սրան։ Մենք նման հնարավորությունները միշտ բաց ենք թողնում, քանի որ ամաչկոտ ենք առաջ տանում մեր գաղափարները։ Հասկանում ենք, որ բարենպաստ չեն պայմանները՝ հատկապես պարտությունից հետո, բայց մյուս կողմից էլ գոնե տեղեկատվական կամ դիվանագիտական դաշտում մենք կարող ենք ինչ-որ բան անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31