Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը

Մարտ 24,2025 16:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 Երևան, 24 մարտի, 2025թ. – Այսօր ՀՀ Վարչական դատարանը վճիռ է կայացրել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության շուրջ ծավալված իրավական ճգնաժամի վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով ՀԿԽԸ գործադիր մարմնի փոփոխության գրանցումը:

Համաձայն դատարանի վճռի, 2024թ. փետրվարի 8-ին՝ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին աշխատանքից ազատումը և ոչ օրինաչափ անձի գրանցումը նույն պաշտոնում՝ անօրինական է եղել: Մինչ այդ, նշված թեմայի հետ կապված խախտումներ էր արձանագրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը, ինչի մասին զեկուցվել է նաև ՀՀ Վարչապետին: Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատելու ոչ իրավաչափ լինելու փաստը արձանագրել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Անօրինական փոփոխության հետևանքով Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձառու մասնագետները ստիպված են եղել հեռանալ կազմակերպությունից՝ չցանկանալով աշխատել անօրինական ղեկավարության հետ, ինչը զգալիորեն թուլացրել է ՀԿԽԸ-ի գործառնական կարողությունները:

«Այս վճիռը շրջադարձային է ՀԿԽԸ-ի կառավարման երկարատև ճգնաժամի հանգուցալուծման և օրինականության վերականգնման ճանապարհին: Մենք արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում էինք, որ Հայկական Կարմիր խաչի գրասենյակում նույնիսկ մեկ իրավասու ղեկավար չկա, և ՀԿԽԸ անունից հանդես են գալիս դրա իրավունքը չունեցող մարդիկ: Այսօր դատարանի վճիռը եկավ ապացուցելու, որ մենք ճիշտ էինք: Այս իրավիճակի արդյունքում առաջին հերթին տուժել են շահառուները, որոնք զրկվել են ծառայությունների զգալի մասից, մեծ վնաս է հասցվել կազմակերպության համբավին: Այժմ արդեն հնարավորություն ունենք վերականգնելու կազմակերպության բնականոն գործունեությունը և, որ ամենակարևորն է, կանխելու Ազգային ընկերությունը մասնավոր բիզնես նախագծի վերածելու փորձը», – նշել է ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյանը:

Տիկին Եղիազարյանը և կազմակերպությունից հեռացած թիմը՝ փաստաբան Կարեն Մովսիսյանի հետ միասին, դատական ատյաններում հետևողականորեն պայքարեցին իրենց իրավունքների վերականգնման համար: Փաստաբանի բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ էլ հենց հնարավոր դարձավ արձանագրել նման մի շարք արդյունքներ:

Դատարանի վճռի արդյունքում ակնկալվում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն ՀԿԽԸ օրինական ղեկավարության լիազորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության, իսկ ինքնահռչակ անօրինական անձինք օր առաջ կհեռացվեն կենտրոնական գրասենյակից:

ՀԿԽԸ-ում ղեկավարության օրինականության հաստատումը հնարավորություն կտա կազմակերպությանը նորից միավորելու իր իրական մասնագետներին, վերականգնելու գործընկերների ցանցը, կրկին մոբիլիզացնելու ռեսուրսներ և ամբողջ թափով վերադառնալու մարդասիրական առաքելության իրագործմանը՝ տանելով իր աջակցող դերը Կառավարությանը մարդասիրական ոլորտում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸն արդեն 105 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալտնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31