2024 թվականին իրականացվել են բյուջետային համակարգի մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում 2025 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների՝ հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմը, որը բավականին էական քայլ է: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ առաջին անգամ 2025 թվականի պետական բյուջեում սահմանվել են եռամյա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակները, որոնք, ըստ նախարարի, քայլ են եռամյա բյուջե ունենալուն, ինչը պլանավորում են իրականացնել 2026 թվականին:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու տարում բյուջեի եկամուտները կատարվել են 95.8 տոկոսով, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերն իրականացվել են 92.7 տոկոսով, իսկ ծախսերը՝ 93.9 տոկոսով: «Ծախսերի մասով ցուցանիշը 16 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին եւ 9.3 տոկոսով ավելի է եկամուտների մասով»,- ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը նշել է, որ պետական պարտքը նախորդ տարեվերջին կազմել է 5 տրլն դրամ կամ շուրջ 12.8 մլրդ դոլար: Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2 տոկոսով: Սակայն, ըստ նախարարի, ուրախալին այն է, որ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ պահպանվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48.3 տոկոս, որը 0.1 տոկոսով ավելի ցածր է, քան 2023 թվականինը:
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս. 2023 թվականի համեմատ նվազել է 0.45 տոկոսային կետով: Սակայն վերջին 7 տարում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2.8 տոկոսային կետով՝ 20.8 տոկոսից հասնելով 23.6 տոկոսի:
Կարդացեք նաև
Վահե Հովհաննսիյանի խոսքով նախորդ տարի ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող 2 միջազգային համաձայնագիր՝ Հանկոնգի ու Ճապոնիայի հետ: Նշվել է, որ շուրջ 850 մլն ԱՄՆ դոլար ծավալով 6 նպատակային վարկային ու շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար ծավալով 6 դրամաշնորհային համաձայնագրեր են կնքվել, արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ է ստացվել:
Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
ԱԺ