«Դա Ադրբեջանի կողմից ամբողջ աշխարհի դիրքորոշումը հերքելուն միտված քարոզչական գործողություն է»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներկայիս վարքագծին։
Ըստ նրա՝ Ադրբեջանում լավ հասկանում են, որ համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված կետերի վերջնական համաձայնեցումը, ՀՀ-ի կողմից դրանց հավանություն տալը և դրան հաջորդած միջազգային դիվանագիտության արշավը հայկական կողմից նախաձեռնված գործողություն էր, որը անակնկալի է բերել Ադրբեջանին և որոշ առումով գրգռել․ «Բոլորիս քաջ հայտնի է, որ Ադրբեջանը որևէ նպատակ չունի այս պահին որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Քանի որ արդեն երկու կողմերը հաստատել են տեքստի ամբողջական փոխհամաձայնեցված տարբերակը, գործընթացի տրամաբանությունը տանում է նրան, որ կողմերը պետք է գնան ստորագրման։ Բայց Ադրբեջանը որևէ նպատակ չունի։ Դա է պատճառը, որ այս ամբողջ բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը հարակից այլ նախապայմաններ էր առաջադրում, որ հետագայում, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, ինչպիսին հիմա է, ունենա իր հիմնավորումները, թե ինչու չի գնում ստորագրման»։
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ միանշանակ է, որ Ադրբեջանի նպատակը դեռ տևական ժամանակ որևէ փաստաթուղթ չստորագրելն է․ «Ադրբեջանի՝ ռազմական առումով ակտիվացման նպատակն է ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենց տեսանկյունից և իրենց շատ պարզամիտ հաշվարկներով, որ ՀՀ-ն մի կողմից պայմանավորվում է, համաձայնեցնում է վերջնական տեքստը, բայց մյուս կողմից պատրաստվում է ռևանշի․ հայ հասարակությունում մեծ մակարդակի է հասնում ռևանշիզմը, և անգամ դեռևս անցյալ երկու ամիսների ընթացքում իրենք խոսում են ապրիլին հավանական էսկալացիայի մասին, անգամ ամսաթվեր էին դրա վերաբերյալ նշում՝ ապրիլի 20-ի կողմերը, որ իբր ՀՀ-ն պատրաստվում է էսկալացիայի։ Հիմնական նպատակն է այն, որ որքան էլ միջազգային հանրությունը տեսնում է դրական իրավիճակ մեր տարածաշրջանում, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև կոնֆլիկտի հանգուցալուծման հնարավորություն, այնուամենայնիվ, դա սին տպավորություն է, որովհետև ՀՀ-ն պատրաստ չէ և չի ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել, այլ պատրաստվում է ռևանշի»։
Արմեն Պետրոսյանը փաստեց՝ այս ամենը կատարվում է իրավիճակում, երբ միջազգային հանրությունն ունի բազմաթիվ այլ խնդիրներ․ «Ընդ որում, այս պայմաններում մեր տարածաշրջանը, որը մեծ հաշվով, եթե գնում ենք ավելի քաղաքական գնահատականների ճանապարհով, այս պահին նվազ ռազմական էսկալացիայի միտում ունեցող տարածաշրջան է, բոլորը հասկանում են, որ այս պահին իրավիճակը ավելի շատ քարոզչական հարթությունում է։ Կան խորքային գնահատականներ առ այն, որ այս պահին Հարավային Կովկասում որևէ էսկալացիայի էական հիմք ու պատճառ չկա։ Էլ ավելի հիմնավոր բավականին գնահատականներ կան, որ հատկապես ՀՀ-ն շահագրգռված չէ էսկալացիայով։ Հիմնական շահառու դերակատարների համար պարզ է, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում։ Այդ հիմնական դերակատարները, ներգրավված լինելով այլ խնդիրներում, չեն փորձում զարգացնել այն դրական միտումը, որ կա մեր տարածաշրջանում»։
Կարդացեք նաև
Իսկ թե ինչպես, ինչ ռազմավարությամբ պետք է պայքարել ադրբեջանական կեղծ խոսույթների դեմ, Արմեն Պետրոսյանն ասաց․ «Իրենց դեմ գործելը բարդ է լինելու։ Ավտորիտար վարչակարգ, մամուլը՝ փակ, սոցցանցերը՝ փակ, ռազմական ռեժիմ․ մեկ կենտրոնից մեկ մարդ վերցրել է իր վրա տեղեկատվական պատերազմը, 2020-ին նախագահն էր քարոզչական թեզերը հնչեցնում լրատվամիջոցներում։ Պարզ է, որ այդտեղ Ալիևի անձնական հեղինակության և ամբողջ հաջողությունն իր անունով պատմության մեջ թողնելու նպատակն է։ Պետք է հասկանալ, որ նման համակարգի հետ գործելու համապատասխան մեխանիզմներ է պետք մշակել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի