«Էջ» հրատարակչությունը մեկնարկեց «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» մատենաշարը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից։ Մատենաշարում ընդգրկված է եվրոպացի կին հեղինակների 6 գիրք, ինչպես նաև մեկ հայ հեղինակի` Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպը, որը կթարգմանվի իսպաներեն և ֆրանսերեն։ Գրքերի հեղինակներն իրենց երկրներում անվանի գրողներ են, որոնք ներկայացնում են կանանց ճակատագրերը պատերազմների կիզակետում։ Իսկ սյուժեները ծավալվում են երկրորդ համաշխարհայինից մինչև մեր օրեր՝ Ուկրաինայի և Վրաստանի պատերազմները, Իսպանիայում քաղաքացիական պատերազմը և այլ հակամարտություններ եվրոպական տարածաշրջանում։
Զրույցի հրավիրեցինք «Էջ» հրատարակչության տնօրեն, համահիմնադիր Էմմա Կիրակոսյանին։
– Ինչո՞ւ եք մատենաշարի համար ընտրել հենց կին գրողների գործեր։
-Սկսեմ նրանից, որ «Էջ» հրատարակչությունը թերևս առաջին ու դեռևս միակն է, որը հիմնադրված է և կառավարվում է կանանց կողմից։ Ոլորտում մեր տեղը զբաղեցնելու համար որոշեցինք շարժվել մեկ ուղով, որը ոչ միայն մեզ է հարազատ, այլ նաև դաշտում լրացնում է բացը: Մի քանի տարի է, ինչ թարգմանաբար հրատարակում ենք ժամանակակից կին գրողների գործեր։ Արդեն իսկ հրատարակվել են անգլերենից, գերմաներենից, թուրքերենից, թամիլից գրքեր, իսկ շուտով նաև կունենանք արաբերենից և մի շարք այլ լեզուներից ևս։
Կարդացեք նաև
-Այդպե՞ս ծնվեց ծրագրի գաղափարը։
-Այո, որոշեցինք շարունակել այն, ինչ սկսել էինք՝ օգտվելով թարգմանության աջակցման հնարավորությունից, քանի որ առանց դրա այս քանակի լեզուներից գրքեր թարգմանելը չափազանց ծախսատար էր լինելու։ Ծրագրում ընդգրկված գրքերից առաջինը օրեր առաջ լույս տեսավ` վրացի գրող Թամթա Մելաշվիլիի «Ասելուկ» վեպն է մեր անկրկնելի Ասյա Դարբինյանի թարգմանությամբ և Արմեն Օհանյանի անզուգական խմբագրմամբ: Իսկ հաջորդիվ լույս կտեսնեն Դուլսե Չակոնի «Նիրհող ձայնը» (Իսպանիա), Մարիկա Բոդրոժիչի «Բալենու փայտից սեղանը» (Գերմանիա), Մարենտե դե Մուրի «Հոլանդացի կույսը» (Նիդերլանդներ) Ռադկա Դենեմարկովայի «Գումար Հիտլերից» (Չեխիա) և Հասկա Շիյանի «Մեջքի հետևում» (Ուկրաինա)։
Ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մեր թարգմանիչները նույնպես կանայք են և մենք հանձն ենք առել առանձնահատուկ ուշադրություն դարձնել նրանց աշխատանքի լուսաբանմանը։ Այդ պատճառով էլ որոշեցինք նրանց անունները նշել նաև կազմի վրա։ Սա տարածված երևույթ է արտերկրում, սակայն Հայաստանում դեռ նորություն է համարվում։
-Ինչպե՞ս կբացատրեք ծրագրի խորագրի ընտրությունը:
-Պատերազմը միշտ համարվել է տղամարդկանց գործ։ Մինչդեռ գիտենք, որ հին հունական դիցաբանության մեջ պատերազմի աստվածը Աթենասն է, կին է։ Հայ հելլենիստական շրջանի դիցաբանության մեջ նույնպես կա ռազմի աստվածուհի՝ Նանեն։ Չգիտեմ ինչու կանանց դերակատարությունը աշխարհի քաղաքական կյանքում նվազեց քաղաքակրթական զարգացմանը զուգահեռ, մինչդեռ պետք է հակառակը լիներ։
Ինչևէ, վերադառնամ գրականությանը։ Պատերազմները տարբեր կերպ են ապրվում և պատմվում տղամարդկանց և կանանց կողմից։ Մենք ցանկացանք ներկայացնել կանանց տեսանկյունը և գրքերն ընտրելիս հասկացանք, որ այս պատմություններում կանայք ամենևին էլ զոհ չեն, ճիշտ հակառակը՝ նրանք մասնակից են, զինակից են, պայքարող են ու ի վերջո խաղաղության ձգտող ձայներ են։
– Առաջին գիրքը լույս է տեսել։ Նաև տեղեկացանք, որ շնորհանդես է տեղի ունեցել։ Կպատմե՞ք մի փոքր գրքի և միջոցառման մասին։
-Այո, Թամթա Մելաշվիլիի «Ասելուկ» վեպը լույս տեսավ օրեր առաջ և մարտի 22-ին կայացավ շնորհանդեսը Վուդս կենտրոնում։ Այս ծրագրում մեր գործընկերն է ՓԵՆ Հայաստան կենտրոնը, որը աջակցելու է մեզ գրքերի առաջխաղացման, հեղինակներին Հայաստան հրավիրելու հարցում։ ՓԵՆ-ը իրականացնում է հայ-վրացական երկխոսության «Թարգմանի» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել 8 վրացի գրող։ Թամթա Մելաշվիլին էլ էր նրանցից մեկը, և մենք ՓԵՆ-ի հետ համատեղ կազմակերպեցինք շնորհանդեսը, որին մասնակցեցին հեղինակը, թարգմանիչը և խմբագիրը։ Ընթերցվեցին մի քանի հատվածներ գրքից, ինչը շատ տպավորիչ է։
Ի դեպ, նշեմ, որ Մելաշվիլիի լեզուն շատ յուրահատուկ է, այն արտացոլում է գրքի հերոսների՝ գյուղում ապրող երկու պատանի աղջիկների երկխոսությունը, այնպես, ինչպես իրական կյանքում է՝ շատ բնական, խոսակցական, երբեմն հայհոյախառը։ Այս թարգմանությունը ունի բարդություններ, քանի դեռ մեզ մոտ գրավոր և բանավոր խոսքը տարիներ շարունակ շատ տարբեր է եղել։ Բայց վերջին ժամանակներում ընթերցողը սովորեց, որ գրավոր խոսքը պարտադիր չէ լինի մեր դասական գրականության պես մաքրամաքուր։ Դա առնվազն արհեստական է հնչում։ Թարգմանիչն ու խմբագիրը հիանալի գործ են արել՝ ոչ միայն հավատարիմ մնալով հեղինակի լեզվին, այլև հայերենով այդ խոսքը փոխանցելու հարցում։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ