Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացված ժամանակ չի լինելու․ ՀՖՖ հերթական ձախողված ղեկավարությունը պիտի հեռանա․ հայտարարություն

Մարտ 24,2025 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի հավաքականից կրած խայտառակ պարտություններից հետո ՀՖՖ նախագահի, հավաքականի նորանշանակ մարզչի և ավագի «միացյալ» հայտարարությունը իբր միասնականության մասին, իրականում ոչ թե ձախողումների համար պատասխանատվության համարձակ ընդունում էր, այլ այդ պատասխանատվությունը լղոզելու հուսահատ փորձ։

Ցանկացած առողջ համակարգում՝ հատկապես խիստ հիերարխիկ սպորտային ոլորտում, բացասական արդյունքների պատասխանատվությունը վերցնում է ղեկավարը՝ խոսելով ոչ թե «մենք»-ով, այլ՝ «ես»-ով, ընդունում է սխալները՝ սկսած կառավարման մոտեցումներից, վերջացրած կառուցվածքային բացթողումներով։ Մինչդեռ հայկական ֆուտբոլի դեպքում ՀՖՖ ղեկավարությունը նախ նոյեմբերին թաքնվեց նախկին գլխավոր մարզիչ Ալեկսանդր Պետրակովի թիկունքում՝ ձախողումներից հետո «զոհաբերելով նրան» աննախադեպ՝ «հեռացվել է աշխատանքից» ձևակերպմամբ, իսկ այժմ փորձեց կիսել պատասխանատվությունը մեկ ամիս առաջ իրենց իսկ կողմից գլխավոր մարզիչ նշանակված Ջոն վան’տ Սխիպի հետ։ Սա ոչ թե համախմբման, այլ բարոյական անկման ու տարրական փչացածության դրսևորում է։

Մելիքբեկյանն իր պաշտոնավարման վեցերորդ տարում շարունակում է խոսել նույն մարտահրավերներից, որոնց մասին խոսվում էր դեռևս 6 (16, 26…) տարի առաջ։ Դա ինքնին փաստում է համակարգային անգործության և զարգացման բացակայության մասին։ Այս տարիների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը չկարողացավ ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլ նույնիսկ ձևավորել դրանց հաղթահարման ուղիները։
Ձախողված խոստումների երկար ցանկը միանգամայն տրամաբանական է դարձնում այն փաստը, որ ֆուտբոլային հանրության վստահությունը ՀՖՖ ներկա ղեկավարության հանդեպ սպառվել է։ Եվ ՀՖՖ ղեկավարության փորձերը՝ ներկայացնելու, թե ֆուտբոլասերները դժգոհում են հավաքականի խաղի արդյունքներից, ևս մանիպուլյացիա են։

Արդյունքների բացակայությունը միակ խնդիրը չէ և առհասարակ կարող էր խնդիր չլինել, եթե ֆեդերացիայի ղեկավարության «բարդակ» գործելաոճը ուղղակի ազդեցություն չունենար հավաքականի հանդերձարանի ու խաղի վրա, ինչի հետևանքով հավաքականի խաղում այսօր բացակայում են նվիրվածության ոգին, հաղթանակի ծարավը։ Հավաքականի ցուցադրած խաղը միայն արտացոլումն է այն խնդրիրների, որոնք առկա են հայկական ֆուտբոլի ղեկավարման ամենավերին օղակներում։

Խորքային խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում այդպես էլ չձևավորվեց ռազմավարական մոտեցում, իսկ ՀՖՖ 2019-2025 ռազմավարությունը մնաց որպես կենաց-ցանկությունների ժողովածու․ մանկապատանեկան ֆուտբոլ, ենթակառուցվածքներ, մարզային ֆուտբոլային ակադեմիաներ, տարածաշրջանային զարգացում, միջազգային մրցաշարեր, նոր տեխնիկական կենտրոն, նոր Ազգային մարզադաշտ․․․

Խնդիրների թվում է նաև ՀՖՖ վերաբերմունքը ազգային հավաքականին, որը պետք է հանդիսանար հայկական ֆուտբոլի զարգացման գլխավոր ցուցիչը, իսկ գործնականում վերածվել է մարքեթինգային և անձնական PR-ի գործիքի։
Այս պայմաններում հայկական ֆուտբոլի երկրպագուներին չեն կարող գոհացնել Մելիքբեկյանի պարզունակ մանիպուլյացիաները։ Ֆուտբոլային հանրությունն ակնկալում է լսել ոչ թե բանավոր աճպարարություններով համեմված դատարկ խոստումներ, այլ կոնկրետ մարդկանց հրաժարականների մասին հայտարարություններ։

Ավելացված ժամանակ չի լինելու․ ՀՖՖ հերթական ձախողված ղեկավարությունը պիտի հեռանա։

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31