«Տարիներ շարունակ ունեցել ենք տարբեր տեսակի խաղացանկեր, որոնք թատրոններն իրենք են որոշել: Այս տարի առաջին անգամ այն հիմնարկները, կառույցները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, ունեն շատ կարեւոր մի կետ՝ պետք է մեկ նորություն ստեղծեն եւ մեկ վերականգնում անեն: Դա վերաբերվում է հայ հեղինակներին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
«Այսպիսով խրախուսում ենք, որպեսզի թատրոնները գնան, աշխատեն դրամատուրգների հետ, ներկայացնեն դրամատուրգիական արվեստը, որն անտեսվել է տարիներ շարունակ, պետք է ունենանք նորություններ, ստեղծենք նորը: Պետք է մեզ հարց տանք՝ ո՞րն է այսօր հայկական թատրոնը, ինչով է առանձնահատուկ հայ թատրոնը…Դա հնարավորություն կընձեռի ստեղծել նորը, վերարտադրել մեր ստեղծագործական ներուժը:
Ունենք երեք էլեկտրոնային կայք, որտեղ կունենանք թատերական քննադատական, վերլուծական եւ ժուռնալիստիկայի տարբեր լեզուներով հրապարակվող հոդվածներ: Դա կարեւոր է ե՛ւ թատերական աշխարհի համար, որովհետեւ կարող են իրենց նոր բեմադրությունների վերաբերյալ քննադատությունները կարդալ, մյուս կողմից էլ՝ հանդիսատեսի համար, որը ցանկանում է գնահատական լսել այս կամ այն միջոցառման, պիեսի մասին: Այսպիսով, մենք զարգացնում ենք թատրոնը, շեշտադրումը դնում ենք մասնավոր, համայնքային, պետական, մարզային թատրոնների վրա»,-նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:
Հավելեց, որ առաջին անգամ շրջանառում են մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը, որը խրախուսում է մասնավոր թատրոնին կայանալ, զարգանալ, ունենալ հարթակներ՝ հանդես գալու եւ պետական թատրոնների հետ համագործակցությամբ եւ ստեղծել համատեղ ներկայացումներ:
Կարդացեք նաև
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ