Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիության դիտորդներին սահմանից հանելու սցենարը քննարկելու կարիք դեռ չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում»․ Պարույր Հովհաննիսյան

Մարտ 24,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ թեպետ հայտարարվեց, որ «Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները», բայց Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ հնչեցնել ու ագրեսիվ լինել։

Պարույր Հովհաննիսյան

Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ Բաքվի այս գործելաոճը նոր չէ։ «Բայց մյուս կողմից նայենք արձագանքներին՝ այժմ ունենք արդեն 58 երկիր, որոնք ողջունեցին այդ գործընթացը, շատերը նշեցին Հայաստանի կարեւոր դերն այս հարցում։ Եվ 10 միջազգային կազմակերպություններ, որոնք ողջունեցին։ Մենք դրանով հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռեւս չկա արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ, շարունակում են խաղաղության օրակարգը։ Շարունակում ենք միջազգային ասպարեզում մեր գործընկերների հետ աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները եւ այդ ամենում հայկական կողմին մեղադրելը, ԱԳ փոխնախարարն ասաց․ «Դա նույնպես նոր գործելաոճ չէ։ Անցած տարի, նախանցած տարի բազմաթիվ են նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում։ Հիմա, իհարկե, ունենք շատ կարեւոր գործիք, դա ԵՄ դիտորդներն են, որոնք արձագանքեցին։ Միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որեւէ դրական գործընթացի»։

Հարցին՝ եթե դիտորդները սահմանից հետ քաշվեն, ո՞ւր կգնան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում։ Այս մանդատը երկու տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք, եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ կան։ Անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն»։

Հարցին, թե վստահ են, որ Բաքուն չի պահանջի ԵՄ դիտորդներին ընդհանրապես հեռացնել Հայաստանից, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ մի հարցում լիարժեք վստահություն չենք կարող ունենալ։ «Բայց, եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք ԵՄ դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Երրորդ երկրի ուժը սովորաբար խոսք է գնում ռազմական ներկայության մասին»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31