Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային խնդիր է Սևանա լճի ավազանի կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային զարգացման խթանումը․ կայացավ «Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողովը

Մարտ 24,2025 12:12

Մարտի 21-ին Երևանում կայացավ «Պաշտպանելով Սևանա լիճը. կայուն լուծումներ և ներդրումային ռազմավարություններ» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, միջազգային ու տեղական փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական հասարակության անդամներ։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության հրատապ խնդիրները, ներկայացնել կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ հետազոտությունները և մշակել կլիմայադիմակայուն զարգացման ու ֆինանսավորման երկարաժամկետ ռազմավարություններ։

Բացման խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոնալդ Լամբերտը։

Իր ելույթում Արամ Մեյմարյանը ընդգծեց, որ առաջնային խնդիր է լճի ավազանի կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային զարգացման խթանումը և այս նպատակով անհրաժեշտ է՝

  • Մշակել գիտականորեն հիմնավորված հարմարվողականության ծրագրեր,
  • Իրականացնել կենսունակ ֆինանսավորման և ներդրումային ռազմավարություններ,
  • Արդիականացնել ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կեղտաջրերի մաքրման համակարգերը,
  •  Խթանել մաքուր էներգիայի աղբյուրների կիրառումը,
  •  Ներգրավել հանրությունը և բարձրացնել իրազեկվածությունը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Սևանա լճի էկոլոգիական վիճակի, կլիմայի փոփոխության ազդեցության և հարմարվողականության անհրաժեշտության վերաբերյալ վերլուծություն, խոսվեց լճի էկոհամակարգային ծառայությունների տնտեսական արժեքի և սանիտարական լուծումների ֆինանսական կայունության մասին, ինչպես նաև ներկայացվեցին սանիտարական և կեղտաջրերի մաքրման լավագույն տեխնոլոգիաները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցածր ածխածնային լուծումներին։

Աշխատաժողովին ներկայացվեց «Սևանա լճի ոչ նյութական արժեքը։ Հանրային հարցման ամփոփում. Ի՞նչ է Սևանը Հայաստանի համար» թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, որին հաջոդեցին հարցուպատասխանն ու պանելային քննարկումը։

Պանելային քննարկման ընթացքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆինանսական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչպես կամրջել ֆինանսավորումը և էկոհամակարգի պաշտպանությունը՝ ապահովելով Սևանա լճի կայուն ապագան։

Աշխատաժողովի ավարտին ամփոփվեցին քննարկումների հիմնական արդյունքները և ներկայացվեցին հաջորդ քայլերը՝ ուղղված Սևանա լճի պահպանությանն ու կլիմայադիմակայուն զարգացման ապահովմանը։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31