Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ հետ մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ ակտիվ աշխատանք կլինի»․ Պարույր Հովհաննիսյան

Մարտ 24,2025 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին  օրենքի խմբագրված նախագիծը, որն ընդգրկվեց առաջիկայում մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգ։

Արմեն Գեւորգյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հարցրեց՝ վերջին քննարկումից 3 շաբաթ է անցել, արդյոք ԵՄ գործադիր մարմիններից պաշտոնական արձագանք կա՞ այս նախաձեռնության վերաբերյալ։

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ պաշտոնական արձագանքը միայն Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունած որոշումներում է։ «Բրյուսելում, ըստ երևույթին, սպասում են երկրորդ ընթերցմամբ օրենքի ընդունմանը, ապա պետք է ակնկալել արձագանք։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ սպասում են օրենքի ընդունմանը»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Գեւորգյանը նաեւ հարցրեց՝ անվտանգության ոլորտում Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից որո՞նք են։

Արտակ Զեյնալյան

Նախագծի համահեղինակ Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Այն ապահովությունը, որը կա ԵՄ-ում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցության գործընթացի ընթացքում ստանալ։ Իսկ ՀՀ-ն, երբ կանդամակցի Եվրամիությանը, կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը»։

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դառնում է առավել կարեւոր գործընկեր անվտանգության ոլորտում։ «Մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն ԵՄ հետ, արդեն տեղի է ունեցել երկու նիստ։ Քննարկում ենք այլ ձեւաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ աշխատանքներ պետք է սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ է դրա վերաբերյալ, այդ ոլորտը նախկինում չկար CEPA-ում (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.)։ Իհարկե, դրա հետ են կապվում նաեւ Եվրամիության ընդհանուր եւ անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները։ Եվ այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը պետք է ստորագրվի առաջիկայում։ Միաժամանակ, իհարկե, Եվրամիության դիտորդների ներդրումը նույնպես անվտանգության ոլորտում պետք է դիտարկվի՝ որպես կարեւորագույն գործոն։ ԵՄ-ում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում՝ առավել ամրապնդելու այդ ոլորտը, որը նոր հեռանկարներ կբացի ԵՄ հետ հենց այս ոլորտում համագործակցության համար»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ պաշտպանության ոլորտում արդեն կա շատ կոնկրետ շոշափելի ծրագիր՝ դա եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունն է։ «Մենք երկրորդն հայտն ենք արդեն ներկայացրել այս տարվա համար, եւ ՊՆ հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31