Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն էլ ասում են, որ դա աննախադեպ բան է». Էդմոն Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանի՝ վրացական թիմի հանդերձարան մտնելու եւ Հայաստանին հաղթելու առիթով շնորհավորելու մասին

Մարտ 24,2025 00:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան (0:3) եւ Վրաստան-Հայաստան (6:1) հանդիպումներում կրած խայտառակ պարտություններին:

«Սկզբից ասեմ, որ ֆուտբոլի մասնագետ չեմ: Ուղղակի մարդ եմ, որն ուզում է՝ իր ազգային հավաքականը գոնե խայտառակ պարտություններ չունենա, գոնե խայտառակ չլինենք: Բայց, բնականաբար, նաեւ հասկանում ենք, որ կան հնարավորություններ, ոչ թե խայտառակ չլինենք, այլ մեր թիմը մեր հարեւան, մեր եղբայրական Վրսատանի թիմի հետ կարողանա քայլել:

Մի քանի օր առաջ Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան թիմերի հանդիպումը: Իրապես, եղբայրական մթնոլորտ է եղել տրիբունաներում, իրապես, շատ լավ է անցել: Մեծ քանակությամբ ֆուտբոլասերներ են եկել Վրաստանից, Երեւանում ժամանակ անցկացրել: Ես բոլոր տեղերում տեսել եմ ու շատ ուրախ եմ դրա համար: Վրաստանի վարչապետը Հայաստանում էր, Հայաստանի վարչապետը, բնականաբար, պետք է լիներ նույն տեղում: Երկուսով հետեւում էին խաղին: Եվ մենք 0:3 հաշվով պարտվել ենք: 0:3 պարտությունը նորմալ չէ: Կարծում եմ, խայտառակություն է: Բայց անցնենք առաջ: Հայաստանի վարչապետը շնորհավորում է Վրաստանի վարչապետին, ինչը նորմալ է: Բայց առավոտյան արթնանում ու տեսնում եմ ի՞նչ. մեր վարչապետը բացի իր գործընկերոջը շնորհավորելուց, մի հատ էլ իջել է, գնացել, մտել վրացական թիմի հանդերձարան ու մի հատ էլ էնտեղ է բոլորին շնորհավորել:

Սկսեցի մտածել. լավ, քո թիմը պարտվել է, էլի եղբայրական երկիր ենք, դու քո մակարդակում քո գործընկերոջը շնորհավորել ես: Բայց հանդերձարան ինչի՞ ես գնացել, այնտեղ մարդիկ փոխվում են՝ մայկա-տրուսիկով: Ես վստահ եմ, որ վրացի ֆուտբոլիստներն էլ էին ապշած: Բա, մեր թիմն իրեն ո՞նց էր զգալու: Էնպես չի, որ բոլորը իմ հերոսներն են: Բայց դա էական չի, դա մեր ազգային թիմն է:

Աչք ծակեց՝ այսպիսի բան արվո՞ւմ է, թե՞ չէ: Ու քանի որ ֆուտբոլի մասնագետ չեմ, սկսեցի հետաքրքրվել՝ նման բան գոյություն ունի՞, թե՞ ոչ: Բավականին մարդկանցից եմ հարց ու փորձ արել, ու բոլորն էլ ասում են, որ դա աննախադեպ բան է: Արդեն ակնհայտ էր, որ Թբիլիսիում ավելի խայտառակ պարտություն է լինելու: Բայց ոչ այդ ժեստի համար: Ես տպավորություն ունեմ, որ մենք սիրում ենք պարտվելը, մենք սիրում ենք մեր հաղթողներին, մեր մեջ չկա խանդ, մրցակցության պայքար: Ես իմ մասնագիտականից չեմ խոսում, չեմ ասում բանակցային գործընթաց, պատերազմ, խաղաղություն, դիվանագիտություն:

Մեր մեջ պետք է խանդ լինի՞ չէ, որ մենք ձգտենք, ուզենանք, պայքարենք, կռիվ տանք: Մրցակցության ոգի պետք է լինի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Օգտվելով ընձեռված առիթից՝ Էդմոն Մարուքյանը պատմեց ներհայկական ֆուտբոլում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության կատարած «ավերիչ» գործունեության մասին՝ կապված Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ, որը անարդարության պատճառով դադարեցրել է գործունեությունը: Ըստ Մարուքյանի պատմածի, ինքը 2021 թվականին ակումբի նկատմամբ արդար վերաբերմունք դրսեւորելու խնդրանքով դիմել է Նիկոլ Փաշինյանին, ինչը, սակայն, արդյունք չի տվել: ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ իրեն դատի է տվել այն բանի համար, որ ինքը «կանգել է Լոռու մարզի ֆուտբոլային ակումբի թասիբին, իսկ ըստ էության, Հայաստանի ֆուտբոլի թասիբին»: Եվ այդ դատը մինչեւ հիմա շարունակվում է:

«Հիմա որ ասում եք՝ Մելիքբեկյան Արմենը պետք է հեռանա, որ արդարությունը լինի: Բայց ինչ-որ մեկը պետք է հետեւի չէ՞ այդ արդարությանը: Արդարությանը հետեւողը իր թիմակցին հարցնում է՝ ո՞վ է ճիշտ ու իր թիմակիցն ասում է՝ ես, հարցնում է՝ ֆուտբոլի վիճակը լավ է, չէ՞, նա էլ ասում է ՝ լավ է, ու հավատում է նրան: Այսինքն, նրանք միայն քանդարար են: Այս պատմությունն այն մասին է, որ եթե փոխեն, հանեն  Մելիքբեկյան Արմենին եւ ուրիշին դնեն, բայց շարունակի մնալ այս մոտեցումով իշխանություն, ոչ մի ոլորտում մենք հաջողություն չենք ունենա:

Վրաստանի հետ մրցելու իմաստով դուք կարծում եք, որ Երեւանի քաղաքապետարանը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ մրցակցության մեջ մտնի, 0:6, 0:7 կամ 0:8 չի պարտվելո՞ւ: Որեւէ այլ ծառայություն կա՞, որ ասենք՝ առաջ ենք: Ուղղակի ֆուտբոլը շատ երեւացող է»,-ասաց քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31