«Առավոտի» զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
– Պարոն Օրդուխանյան, դուք ահազանգել եք, որ Գերմանիայի նախագահը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում չի այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ինչո՞ւ, փորձե՞լ եք պարզել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հայ համայնքը։
– Գերմանիայի առաջին դեմքի եւ առաջին տիկնոջ այցը Հայաստան ու հարեւան թշնամի երկիր, հատկապես այս խառնակ ժամանակներում, պետք է պատմական համարել ու չափազանց լուրջ վերաբերվել դրան։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր չայցելելու դեպքում Գերմանիայի բազմաթիվ հայեր եւ ոչ միայն հայեր իրենց պրեզիդենտին կհամարեն թուրքերից երկյուղած մի երկչոտ գործիչ։ Նրա կողմից ծաղկեպսակ չդնելու քայլը վայել չէ ոչ օրեցօր հզորացող Գերմանիային, ոչ էլ պատիվ է բերելու այդ աթոռին իրենց ծառայությունն անցկացրած նախկին պրեզիդենտներին, բայց հատկապես՝ այսուհետ հաջորդողներին։ Մենք այս օրերին հատուկ նամակով կդիմենք պարոն պրեզիդենտին ու կհորդորենք՝ հայերի ու առաքինի գերմանացիների մոտ չկորցնել վստահությունն ու արժանապատվությունը, հարգել Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016թ. հունիսի 2-ի որոշումը, մանավանդ որ, Ցեղասպանության 100-ամյակին նախորդած տարիներին այն ժամանակ ԱԳ նախարար Ֆրանց Վալտեր Շտայնմայերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի համար ամենասուր հարվածների էր ենթարկվում գերմանական հեղինակավոր մամուլի էջերում, ինչպես նաեւ իր գործընկերների կողմից։ Հենց պարոն Շտայնմայերի հեղինակության համար ցանկալի չէ նմանատիպ աղմուկի կրկնությունը 10 տարի հետո։
Իսկ նավթի մանրավաճառ Ալիեւից դողահարվող Փաշինյանին որեւէ նախատինք կարդալն այլեւս անօգուտ է։ Բարոյազանց Փաշինյանին ու նրա հայրենուրաց քաղաքականությանը պատմական օրինաչափությամբ կարճ ժամանակ է մնացել, մինչեւ հասնի Սյունիքի Արծվանիկ գյուղի լքված ու անարգված քարին։ Մելիք Ֆրանգյուլը թշնամու օգնությամբ նույնպես կառավարեց ոչ ավել, քան 7 տարի։
Կարդացեք նաև
Ազգային կառավարության պարագայում պարոն Շտայնմայերին Դիլիջանի եւ Սեւանի փոխարեն, կտանեին Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Արավուս, Խնձորեսկ կամ Խնածախ։ Ազգային կառավարության պարագայում…
– Նիկոլ Փաշինյանը վերջերս դարձյալ հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ օրակարգ չէ, ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը եւ ինչի՞ կհանգեցնի այն։
– Իր հոգեւոր ծնողից քաղաքական թեզեր ընդունած վարչապետը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում նույն քաղաքականությունը վարելով, նմանօրինակ ձախողում է ապրելու, ինչպիսին անպատվաբեր ձեւով ապրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր ճակատին հավերժ դաջելով «թուրքի քիրվա» դրոշմը։ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթությունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանումը չափազանց վտանգավոր հետեւանքներ ունի հայերի համար։ Դա նախ կտրուկ մեծացնում է Հայաստանի խոցելիությունը, վտանգում ՀՀ առանց այն էլ թուլացած անվտանգությունը, ապա սեպ խրում Հայաստանի ու Սփյուռքի միջեւ, ուժգին հարվածում հայերի միասնականությանը, նրանց ինքնությանը, անմիջականորեն վիրավորում աշխարհի այն բոլոր պառլամենտներին, կառույցներին ու պարկեշտ օտարերկրացիներին, որոնք մեծ ջանքեր գործադրելով, տարիներ շարունակ պայքարելով հաստատել են այդ փաստն ու դրանով թիկունք կանգնել հայոց պահանջատիրությանը։ Կան նաեւ այլ լուրջ վտանգներ, որոնք բխում են այդ հրաժարումից։ Դրանց կարելի է առանձին անդրադառնալ։ Կարեւոր է, սակայն, շեշտել, որ Փաշինյանն իր անփառունակ ուսուցչի օրինակով կատարյալ ձախողվելու է այս հարցում։
– ՀՀ իշխանությունը հայտարարեց, ու ընդունել է Ադրբեջանի պահանջները եւ պատրաստ են ստորագրել, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը»։ Դրանից հետո Բաքուն ագրեսիվ հռետորաբանությունը շարունակեց, նոր պահանջներ է ներկայացնում։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
– Գայլերը երբեք կուշտ չեն լինում, նրանք ապրում են մշտապես հարձակման ու հոշոտելուն պատրաստ վիճակում։ Գայլերին (թուրքերի ազգային խորհրդանիշը հենց գայլն է, որի պատկերմամբ իրենք հպարտությամբ են ամենուր ներկայանում, նաեւ Եվրոպայում) սաստելու ճանապարհը ոչ թե նրանց անդադար կերակուր շպրտելն է, այլ դիպուկ որսորդ ընտրելը եւ մշտապես նոր որսորդներ դաստիարակելն ու մեծացնելը։ Բարեբախտաբար, հայ ժողովուրդն այսօր այդ ռեսուրսն ունի, չունի, սակայն, այդ ռեսուրսը կազմակերպելու ու կառավարելու հայկական-ազգային ղեկավարություն։ Հայաստանի անվտանգության ու բարգավաճման ուղին ոչ թե նավթ ու ձկնկիթ վաճառողի պահանջների բավարարումն է, այլ նախ եւ առաջ հզոր հայկական բանակի ստեղծումը, Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմպլեքսի շուտափույթ կառուցումն ու փոխշահավետ դաշնակիցներ գտնելը։ Իսկ եթե հայ ժողովրդի մեծամասնության կամքին հակառակ, այդ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը Փաշինյանն այնուամենայնիվ ստորագրի, մենք այստեղ դա հրապարակայնորեն պատառ-պատառ կանենք ու կգցենք աղբաման։
– Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից հրաժարվելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ԵՄ դիտորդների հեռացումը Հայաստանից ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար։
– Ողբերգական հետեւանքներ։ Դա նշանակում է մեկուսացնել Հայաստանը, հանձնվել թուրքի «գթասրտությանը» եւ կամահոժար ընդունել մեղապարտի կացություն։ Դա անընդունելի է մեզ համար, ինչպես անընդունելի է Արցախի հանձնումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Տավուշի գյուղերի կիսումը եւ Փաշինյանի կողմից գործած այլ քաղաքական հանցագործություններ։
-Բաքուն ակտիվ պահանջում է, իսկ Փաշինյանը կարծես համաձայնում, որ Հայաստանը պիտի փոխի Սահմանադրությունը, սա ի՞նչ խնդիրներ կստեղծի։
– Բացարձակ մերժելի պահանջ է։ Հայաստան երկրի Սահմանադրության հարցը բացառապես վերաբերում է հայ ժողովրդին ու ոչ Կովկասի, ոչ Ղրիմի եւ ոչ էլ Կազանի թաթարին իրավունք չի տրված խոսել այդ թեմայով ու հայերին պահանջներ ներկայացնել։ Այս հարցը որեւէ աննշան քննարկման անգամ չի կարող դրվել ու եկեք համարենք առմիշտ փակված։
-Սփյուռքն ի՞նչ անելիք ունի այսօրվա իրավիճակում։
– Սփյուռքն ունի շատ մեծ անելիքներ։ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ պարտավոր է անդամ դառնալ իր գաղափարներին ու ճաշակին համապատասխանող հայկական որեւէ համայնքի կամ կազմակերպության։ Ապա պետք է մշակութային ազգից փոխվել դառնալ քաղաքական ազգ։ Գոնե այս կրկին խիստ վտանգված ժամանակներում։ Սփյուռքը պետք է ըմբոստանա, դիմադրի թանձրամիտ ու փոքրոգի վարչապետի կողմից ասվող կամ առավել եւս կատարվող բոլոր տեսակի անհիմն զիջումներին։ Սփյուռքը պետք է այս վճռական օրերին առավել կազմակերպվի, հայրենիք տանի նորանոր մտքեր, տնտեսական ու կրթական մեծ ծրագրեր ու ամենուր վառ պահի մշտական դիմադրության իդեալը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2025