Աշխարհում կան մատնոցների թանգարաններ, եւ ով իմանա, գուցե մի օր էլ Հայաստանում Ռուզաննան ստեղծի իր թանգարանը՝ նպաստելով զբոսաշրջությանը
Հիշողությունները չեն ծերանում, դրանք ամեն օր կարող են նորոգվել իրերի, վայրերի, դիպվածների միջոցով: Ողջունելի է, երբ ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ՝ կամրջելով ժամանակները…
Մարտի 14-16-ին Նկարիչների միությունում կայացավ տնտեսագետ, ֆինանսիստ, մատնոցների հավաքորդ Ռուզաննա Անդրեասյանի 3-րդ ցուցահանդեսը՝ «Մատնոցների ընտանիք» վերտառությամբ:
«Հաճախ եմ մտովի ճամփորդում իմ մատնոցների տիրույթում: Դրանցից յուրաքանչյուրը հոգիս լցնում է ջերմությամբ ու աներեւակայելի թրթիռով:
Իմ առաջին մատնոցը, որը ցուրտ ու մութ տարիներին մայրս է օգտագործել՝ իր սուրբ մատներով կարուձեւ անելով մեզ համար, ինձ տանում է դեպի մանկություն: Վերցնելով մեկ ուրիշը՝ հիշողության բավիղներով հայտնվում եմ տվյալ մատնոցի հայրենիքում, երեւակայությամբ շրջում եմ լայն ու նեղ փողոցներում, վերհիշում մշակութային արժեքները:
Կան մատնոցներ, որոնք բարեկամներս, ընկերներս են բերել տարբեր ճամփորդություններից. դրանց մեջ ամփոփված են սեր ու անպարփակ ուշադրություն իմ նկատմամբ: Իմ հավաքածուն ծնվել է մորս սիրուց ու շարունակվում է ինձ շրջապատողների անպարագիծ փոխադարձ սիրով»,- ասում է Ռուզաննան:
Արդեն 10 տարի է՝ Ռուզաննան մեկիկ-մեկիկ հավաքում է աշխարհի տարբեր անկյուններից բերված մատնոցներ: Այդ նմուշների բազմազանության մեջ կա մի ընդհանրություն՝ ժամանակաշրջանի վկայությունը, որը բանալի է դառնում հիացումի դռները բացելու համար։ Դրանք ունեն նաեւ պատմական, մշակութային նշանակություն:
Մատնոցների այդ հավաքածուն զարդանախշային ամբողջություն է. այն վկայում է Ռուզաննայի նվիրումի, արվեստի խորքային շերտերի որոնման անթաքույց սիրո մասին։ Դրանցից յուրաքանչյուրը շնչավորվում է նրա մատների ու հոգու ջերմությունից:
Այսօր նա ունի 7000-ից ավելի մատնոցներ: Սա ընդամենը թիվ չէ, սա ճանապարհ է՝ որոնումների, արժեւորելու, սեփական միջոցներով ջանասիրաբար պահպանելու…
Մատնոցների ցուցադրությունից բացի, հանրույթին առաջին անգամ ներկայացվեցին Ռուզաննա Անդրեասյանի խոհերից:
Ահա դրանցից մի քանիսը.
-Իմ կարծիքով ՍԵՐ բառը ստեղծված է կայուն արժեքների համար. դրանք են՝ հայրենիքն ու զավակները:
-Սիրո մասին հնչեցրած արտահայտություններն ու խոստումները սիրած էակի հանդեպ հիմնականում անկայուն են. դրանք օրերից մի օր փուչիկի նման կարող են օդում պայթել: Անգամ երկարամյա կրակոտ սերն է մարում:
-ՍԵՐ բառը տարողունակ է ու բազմանշանակ… Մի օր աշուն ես սիրում, որոշ ժամանակ անց՝ տարվա մեկ այլ եղանակ, բայց ինչ էլ լինի, որտեղ էլ լինես, հայրենիքի ու զավակների հանդեպ տածած սերը երբեք չի փոխվում. այն կայուն է, աներկբա:
-Ընկերությունը սկիզբ է առնում մի հանգույցից, հետո ագուցվում է երկրորդը, երրորդը…
Դժվարը առաջին շարքն է: Հյուսվածքը կարող է մնալ անավարտ կամ դառնալ սվիտեր: Նախընտրելի է, որ այն ձգվի ու վերջը չերեւա… Այդ դեպքում անծիր ճանապարհը կծածկի երփներանգ գորգը: Հնարավոր է՝ ծակոտկեն լինի գործվածքը, բայց վառ գույները կարող են աննկատ դարձնել մանր անցքերը…
-Ծառերը մարդկանց նման են: Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, արտաքին տեսքը, տրամադրությունը, բնավորությունը. մեկը բերքառատ է, ծիծաղկոտ, առողջ, մյուսը՝ հոգնած ու տխուր, անբերրի, մեկի պտուղը քաղցրահամ է, մյուսինը՝ անհամ, մեկը շուտ է հիվանդանում, մյուսը երկարակյաց է… Կան տարեց ծառեր, որոնք խնամված են, փայփայված, կան ճյուղակոտոր եղած երիտասարդ ծառեր:
Կարեւոր է ծառերի լեզուն հասկանալը, նրանց հետ զրուցել կարողանալը… Նրանք այնքա՛ն իմաստալից պատմություններ գիտեն հողի ու երկնքի մասին…
Բախտավոր է այն ծառը, որն ունի առողջ արմատներ ու չի զգացել կորստի ցավը:
Ծովինար ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2025