Հարցազրույց ԷլԿԱՄՊՈՒՍ ծրագրի համակարգող Արմեն Բուդաղյանի հետ
–Պարոն Բուդաղյան, ի՞նչը դրդեց Ձեզ մշակել այս ծրագիրը և ի՞նչն էր հիմնական խթանը
–Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում թվային վերափոխումը վաղուց արդեն օրակարգային խնդիր էր։ Կորոնավիրուսային համավարակի ընթացքում ՀՀ բոլոր բարձրագույն կրթական հաստատությունները ստիպված էին արագ անցում կատարել հեռավար ուսուցման, բայց այդ գործընթացն իրականացվեց հապճեպ, առանց անհրաժեշտ ռազմավարության, դասախոսների հատվածական և հիմնականում ոչ համակարգված վերապատրաստման և տեխնոլոգիական ապահովման։
Այդ փորձը ցույց տվեց, որ մենք պետք է ոչ թե ժամանակավոր լուծումներ կիրառենք, այլ տանք համակարգային լուծում։ ԷլԿԱՄՊՈՒՍ ծրագիրը մշակվեց հենց այս հիմնահարցերին պատասխանելու համար՝ նպատակ ունենալով ՀՀ բարձրագույն կրթության համակարգում վերափոխել թվային ուսուցումը ոչ միայն տեխնոլոգիական, այլև մեթոդաբանական, որակական և կառավարչական մակարդակներում։ Մեր նպատակն է Հայաստանի բուհերին հնարավորություն տալ զարգացնել թվային կրթական կարողությունները և միջավայրը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա։
Հարկ է նաև նշել, որ էլԿԱՄՊՈՒՍ-ն իր շարունակությունն է գտնում նախկինում իրականացված Էրազմուս+ Պրինտել (Erasmus+ PRINTEL Promoting Innovative Teaching and Learning) ծրագրի արդյունքում ձևավորված հաջողված փորձի վրա։ Այն նպատակ ուներ զարգացնել նորարարական դասավանդման և ուսուցման մոտեցումները, ինչը թույլ տվեց մասնակից բուհերին էապես բարելավել դասավանդումը և ուսուցումը։ ԷլԿԱՄՊՈՒՍ-ի շրջանակում մենք այս փորձը խորացնում ենք՝ կենտրոնանալով թվային կրթության որակի բարձրացման, դասավանդման նոր տեխնոլոգիաների ներդրման և դասախոսների թվային հմտությունների զարգացման վրա։ Մեր նպատակն է Հայաստանի բուհերին հնարավորություն տալ զարգացնել թվային կրթական կարողությունները և միջավայրը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա։
Կարդացեք նաև
–Եվրոպական գործընկերների փորձը ինչպե՞ս է կիրառվելու Հայաստանի բուհերում։ Կա՞ն արդյոք արդեն հաջողված օրինակներ, որոնք կարելի է ներառել մեր կրթական համակարգում:
–ԷլԿԱՄՊՈՒՍ ծրագրի կոնսորցիումը ձևավորվել է այնպես, որ ներառի Հայաստանի առաջատար բուհերը, որոնք ունեն ներուժ՝ ներդնելու նորարարական լուծումներ և դրանք փոխանցելու ամբողջ կրթական համակարգին։ Նախագծի կոնսորցիումի անդամներ են՝ Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Երևանի պետական համալսարանը ոչ միայն ղեկավարում է նախագիծը, այլև ապահովում է վերջինիս ներդրման արդյունավետությունը՝ օգտագործելով իր հարուստ փորձը կրթական բարեփոխումների, թվային կրթության և որակի ապահովման ոլորտներում։
Եվրոպական կողմից համագործակցում ենք Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և Շվեդիայի առաջատար համալսարանների հետ, որոնք մեծ փորձ ունեն թվային կրթության որակի ապահովման, հիբրիդային ուսուցման և նոր կրթական տեխնոլոգիաների ներդրման գործում։
Չնայած նրան, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ մի շարք բուհեր, ծրագրի արդյունքները կդառնան հասանելի ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Մասնավորապես՝ թվային դասավանդման, ուսուցման և գնահատման ազգային շրջանակը հնարավորություն կտա ՀՀ բուհերի բոլոր դասախոսներին օգտվել վերապատրաստման և վկայագրման ծրագրերից, թվային կրթության որակի ապահովման մեխանիզմները կդառնան օրինակելի, ինչը թույլ կտա բուհերին դրանք ներդնել իրենց կրթական միջավայրում, արձանագրված հաջողված փորձն ու ուղեցույցները ուսուցողական ծրագրերի միջոցով հասանելի կլինեն բոլոր բուհերին, իսկ տեխնոլոգիական լուծումները, ներառյալ թվային ուսուցման կառավարման համակարգերը և խելացի լսարանները, կդառնան մոդելային, որը հետագայում կարող են կիրառել նաև ՀՀ բոլոր բուհերը։
Մենք աշխատում ենք այնպես, որ ԷլԿԱՄՊՈՒՍ-ի արդյունքները չսահմանափակվեն կոնսորցիումի անդամ բուհերով, այլ աստիճանաբար ընդգրկեն ՀՀ ամբողջ բարձրագույն կրթական համակարգը։
–Արդյո՞ք ծրագիրը ներառում է համագործակցություն մասնավոր սեկտորի և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ՝ տեխնոլոգիական լուծումները ավելի արդյունավետ դարձնելու համար։
–Այո, մենք համագործակցում ենք ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ, որոնք աջակցում են մեզ թվային լուծումների և կրթական տեխնոլոգիաների ներդրման հարցում։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա ստեղծել ավելի լավ ինտեգրված և տեխնոլոգիապես առաջադեմ ուսումնական միջավայրեր, ինչպես նաև կապ ստեղծել կրթական և աշխատաշուկայի պահանջների միջև։
–Պարոն Բուդաղյան, Եվրոպական գործընկերների փորձը ինչպե՞ս է կիրառվելու Հայաստանի բուհերում։ Կա՞ն արդյոք արդեն հաջողված օրինակներ, որոնք կարելի է ներառել մեր կրթական համակարգում։
–Եվրոպական գործընկերները մեծ փորձ ունեն թվային կրթական միջավայրի ձևավորման, առցանց ուսուցման որակի ապահովման և դասախոսների թվային կարողությունների զարգացման հարցում։ Նրանք կնպաստեն հայկական բուհերում նոր գործիքների և մեթոդների ներդրմանը, մասնավորապես՝ թվային գնահատման համակարգերի, հիբրիդային ուսուցման պլատֆորմների և թվային կարողությունների հավաստագրման համակարգերի միջոցով։
Մի քանի հաջողված օրինակ կարող ենք նշել. Իսպանիայի Մադրիդի ավտոնոմ համալսարանը զարգացրել է թվային դասավանդման չափանիշների գնահատման համակարգ, որը կարող է ներմուծվել Հայաստանի բուհական համակարգում։ Շվեդիայի Թագավորական տեխնիկական համալսարանն ունի խելացի լսարաններ, որոնք թույլ են տալիս համատեղել դասախոսությունների հոսքային հեռարձակումն ու ինտերակտիվ քննարկումները։ Հայաստանի բուհերում մենք նույնպես կկիրառենք այս մոտեցումները՝ զարգացնելով թվային կրթական ենթակառուցվածքները։
Լիսաբոնի համալսարանը մեծ հաջողություններ է գրանցել թվային կրթական ծրագրերի կառավարման ոլորտում։ Նրանք մշակել են թվային ուսուցման կառավարման նորարարական մոդել, որը հնարավորություն է տալիս համալսարաններին արդյունավետորեն ինտեգրել թվային կրթությունը, խթանել դասախոսների շարունակական մասնագիտական զարգացումը և ապահովել ուսանողների համար ավելի հարմարեցված ուսումնական միջավայր։ Այս փորձը նույնպես կարող է դառնալ օրինակ՝ Հայաստանի բուհերում թվային ուսուցման գործընթացն ավելի ինտեգրված և կայուն դարձնելու համար: Համոզված եմ, որ այս հաջողված մոդելների կիրառումը Հայաստանում կնպաստի բարձրագույն կրթության թվային վերափոխմանը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
–Ինչպե՞ս է էլԿԱՄՊՈՒՍ ծրագիրը ներգրավելու դասախոսներին, որոնք չունեն բավարար թվային հմտություններ, բայց ցանկանում են զարգացնել դրանք։
– Սա ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է։ Մենք նախատեսում ենք անցկացնել վերապատրաստման լայնածավալ դասընթացներ՝ տարբեր մակարդակներում թվային կարողություններ ունեցող դասախոսների համար։ Դասընթացները ներառելու են սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր դասախոսի զարգացնել իր հմտությունները՝ ըստ կարիքի։ Նախատեսվում է, որ միայն նախագծի իրականացման ժամանակահատվածում կվերապատրաստվի ավելի քան 120 դասախոս։
Բացի այդ, կստեղծվի թվային դասավանդման, ուսուցման և գնահատման ազգային վկայագրման համակարգ, որը կխթանի դասախոսների մասնագիտական զարգացումը՝ տալով նրանց հնարավորություն իրենց ձեռք բերած հմտությունների համար պաշտոնական հավաստագրում ստանալու։ Հենց այս պահին ընթանում են աշխատանքները ծրագրի առաջին աշխատանքային փաթեթի շրջանակում, որը ներառում է նախ և առաջ կարիքների ուսումնասիրություն, արտասահմանյան առաջավոր գրականության ուսումնասիրություն՝ թվային կարողությունների ուսումնասիրության և լավագույն փորձի նկարագրման նպատակով: Հաջորդ փուլում դրանց հիման վրա կկազմենք Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության թվային կարողությունների շրջանակը, որը նաև իրավական ուժ կստանա ՀՀ բոլոր բուհերի համար։ Դրա շնորհիվ կկանոնակարգվի թվային կրթության ոլորտը՝ որակի միջազգային չափանիշներին համապատասխան:
-Ծրագրի ավարտից հետո ԷլԿԱՄՊՈՒՍ-ն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի կրթական համակարգի համար։
–էլԿԱՄՊՈՒՍ-ը կարող է դառնալ Հայաստանի բարձրագույն կրթության թվային վերափոխման հիմնաքարը։ Ծրագրի ամբողջական կիրառումից հետո մենք ակնկալում ենք թվային ուսուցման որակի էական բարելավում, դասախոսների թվային հմտությունների բարձրացում և վկայագրման մշակույթի ձևավորում, թվային կրթության ավելի մեծ հասանելիություն, ինչպես նաև նորարարական ուսուցման մեթոդների լայն կիրառություն՝ Հայաստանի բարձրագույն կրթությունը մոտեցնելով միջազգային չափանիշներին և դառնալով մրցունակ միջազգային կրթական դաշտում։ Թվային կրթության զարգացումը կբարձրացնի նաև հայկական բուհերի գրավչությունը օտարերկրյա ուսանողների համար: Կարծում եմ, այս ամենը կնպաստի Հայաստանի բարձրագույն կրթության տեղային ու գլոբալ ճանաչելիությանը և կզինի ՀՀ բուհերը նոր կարողություններով՝ ապագայի կրթական մարտահրավերները հաղթահարելու համար։
Զրուցեց Արփինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2025