Ըստ Նինա Կարապետյանցի՝ իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանին գործող Սահմանադրությունը ձեռնտու է. «Բացառապես ադրբեջանական կողմի պահանջից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այս Սահմանադրությունն իրեն դուր չի գալիս, եւ այն փոփոխման կարիք ունի։ Բայց սա միայն Ադրբեջանի պահանջը չէ. նաեւ Թուրքիայի պահանջները բավարարելու համար է»։
«Ամենաշատը մեր ինքնիշխանությանը վնասում են Նիկոլ Փաշինյանը եւ այն չինովնիկները, սազանդարներն ու պրոպագանդիստները, որոնք ջատագովում են այս բնույթի սահմանադրության փոփոխություն։ Չի կարող սահմանադրությունը յոլա գնալու սահմանադրություն լինել։ Դա այն օրենքը չէ»,-«Առավոտի» փաստմանը՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նոր սահմանադրությունն այնպիսին պետք է լինի, որ համապատասխանի տարածաշրջանային նշանակությանը եւ հարցին՝ վտանգ չեք տեսնո՞ւմ, որ նման սահմանադրությունը կարող է վնասել մեր ինքնիշխանությանը եւ հայկական շահին, մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
Ըստ իրավապաշտպանի՝ սահմանադրությունն այն փաստաթուղթը, այն իրավական ակտը չէ, որը կարելի է «յոլա գնալու» տրամաբանության մեջ ընդունել». «Սա հերթական հանցավոր գործունեությունն է։ Մենք չենք կարող հրաժարվել ոչ մեր անցյալից, ոչ առավել եւս՝ մեր ապագայից, հետեւաբար յոլա գնալու սահմանադրությունը այսօրվա աշխարհում եւ հայության համար ընդունելի լինել չի կարող»։
Մեր հարցին՝ ի՞նչ է նշանակում «սահմանադրությունը պետք է այնպիսին լինի, որ համապատասխանի տարածաշրջանային նշանակությանը» եւ փաստմանը՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ սա մեկնաբանում է, որ «խաղաղությանը, խաղաղության պայմանագրին եւ խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը», Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Ես գիտեի, որ ինչ-որ պահի թե՛ արդարադատության նախարարին, թե՛ ոստիկանապետին, որոնց ես համարում եմ գրագետ կադրեր, որոնք իրենց զբաղեցրած պաշտոնին համապատասխան գործունեություն կարող են վարել, ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանն ամենաստորացուցիչ վիճակում է դնելու եւ ստիպելու անել քայլեր, որոնք կապ չունեն ոչ իրավաբանության հետ, ոչ այդ պաշտոնին զբաղեցրած համապատասխան գործողություն են, ոչ էլ բխում են ՀՀ-ի շահերից։ Շատ մեծ ցավով եմ ասում, քանի որ մենք կարող ենք ասել, որ կորցնելու ենք երկու լավ կադր։ Բայց աներեւակայելի է այն, որ այն աստիճանի է ստիպել իրավաբաններին, որ նման՝ մառազմի հասնող արտահայտություններ են անում»։
Կարդացեք նաև
Նինա Կարապետյացնը փաստեց՝ «Սահմանադրությունը ժողովրդի, հայաստանցիների մտքերի, գաղափարների, երազանքների, իրար հետ փոխհարաբերությունների մասին է։ Այն հարեւանների հետ հարաբերություններ կարգավորելու աղերս չունի։ Չի կարելի հրաժարվել մեր անցյալից։ Այն, ինչ անում են այս իշխանությունները, հայության, մեր պատմության, անցյալի եւ մեր ապագայի դեմ հանցագործություն է։ Մենք չենք կարող հրաժարվել ո’չ մեր պահանջներից, ո’չ մեր անցյալից, ոչ էլ մեր ապագայից եւ ապագայում մեզ տրվող հնարավորություններից։ Միակ բանը, որ կարող է անել ժողովուրդն այս պահին, այս իշխանությանը մերժելն է ավելի, քան 2018-ին մերժեց նախորդ ռեժիմին։ Այս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քանի որ խնդիր է դրել ոչնչացնել հայկական պետությունը։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հստակ դավաճանություն է, Քրեական օրենսգրքում հստակ գրված է, թե որ գործողություններն են համարվում դավաճանական։ Բոլորին, որոնք համաձայնել են իր հետ դառնալ հանցակից, Նիկոլ Փաշինյանը դարձնում է այդ պատասխանատվության շրջանակի անդամ։ Չգիտեմ՝ մարդիկ այդ աստիճանի վաճառված, հիպնոսացված, թե ինչ վիճակում են, թե թրաֆիքինգի զոհ են դարձել, բայց այս մարդիկ չեն կարող հասկանալ, թե հիմա իրենք ինչ են անում»։
Մեր դիտարկմանը՝ իշխանական թեւից պարզաբանումներ են հնչում՝ Սահմանադրության ինչ տեքստ էլ իրենք գրեն, հայ ժողովուրդը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է այդ սահմանադրությունը, թե՝ ոչ, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Մոռացեք, ՀՀ-ում չի լինելու ընտրություն։ Եթե անգամ այդ սահմանադրությունն անցավ, մենք ունենալու ենք այն տեսակ չակերտավոր ընտրություն, որին բախվել ենք 2015-ին, երբ բոլոր միջոցներն օգտագործվեցին անցկացնելու համար այն սահմանադրությունը, որը պետք էր Սերժ Սարգսյանին։ Հիմա նույն բանն անելու է Նիկոլ Փաշինյանը։ Մարզպետներից, քաղաքապետերից սկսած՝ վերջացրած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահով՝ բոլոր տեղերում իր անձնական օգտագործման մարդիկ են, որոնք ոչ կարծիք ունեն, ոչ էլ կարծիք ունենալու հնարավորություն։ Նրանց Նիկոլ Փաշինյանը նշանակել է առանցքային պաշտոններում»։
Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելո՞ւ համար է ցանկանում գնալ սահմանադրական փոփոխությունների, թե՝ այդ մտադրությունը դիտարկում եք Ադրբեջանի պահանջները բավարարելու համատեքստում, քանի որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն ինքը պատրաստ է թեկուզ միակողմանի ստորագրել, բայց Ադրբեջանը ստորագրման համար ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանն է դնում, իրավապաշտպանն այս առիթով ասաց. «Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանին գործող Սահմանադրությունը ձեռնտու է։ Ինքը մի քանի անգամ ձեւական հանձնաժողովներ հրավիրեց, բավականին մեծ գումար ծախսվեց, մսխվեց պետական բյուջեից դրա վրա, եւ պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այս Սահմանադրությունն այնքան էլ վատը չէ, տրամաբանական հետեւությունն էլ այն էր, որ Սահմանադրությունը վատը չէ, այլ այն կիրառողներն էին դա ոչ բարի նպատակով օգտագործում։ Եվ ասում էր՝ եթե ես հանձնաժողովներ եմ հրավիրում, դա դեռ չի նշանակում, որ Սահմանադրության մեջ կարող են փոփոխություններ լինել։ Այնպես որ, բացառապես ադրբեջանական կողմի պահանջից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ այս Սահմանադրությունն իրեն դուր չի գալիս, եւ այն փոփոխման կարիք ունի։ Բայց սա միայն Ադրբեջանի պահանջը չէ, այլեւ Թուրքիայի պահանջները բավարարելու համար է։ Սա լինելու է այն փաստաթուղթը, որից կհանվի Անկախության հռչակագիրը, իսկ Անկախության հռչակագրի վրա հղում չանելը նշանակում է, որ մենք լուծարում ենք մեր պետությունն ու պետականությունը։ Ինչպես Արցախում մի թուղթ ստորագրեցին, ու դա հիմք ընդունեցին, որ Արցախը լուծարված է, նույնն անելու է Նիկոլ Փաշինյանը։ Վստա՞հ եք, որ այդ շրջանակում մենք չենք կորցնի մեր պետականությունը, վստա՞հ եք, որ Ալիեւը չի ասի, դե, քանի որ չկա պետություն, պետականություն, ոչ սահմաններն են պարզ, ոչ էլ պետության՝ գոյության ունենալու անհրաժեշտություն ենք տեսնում։ Այս մարդիկ գնում են պետականության քանդման ճանապարհով։ Սա ամենասարսափելի բանն է, որ կարելի է երեւակայել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2025