Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր այս քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասերից մեկում՝ «Մուշում» մեծ հանրահավաք անցկացնելուց հետո քայլերթով շարժվեցին դեպի Բուլվարային, Շերամ, Աշոցք թաղամասեր, եղան նաև Շիրակացի փողոցում։
Մեծ ոգևորություն առաջացնող նրանց քարոզչական երգը՝ «Մեր ձայնը հզոր է, կարևորը՝ նոր է, անհնարին բան չկա» բառերով, անտարբեր չէր թողնում ոչ մեկին, մարդիկ ողջունում էին նաև պատուհաններից, ոգևորվում՝ լսելով, թե «Դուրս եկեք, երիտասարդությունն է գալիս»։
Կարդացեք նաև
Ուշագրավն այն է, որ այս թիմը քայլերթն անցկացրեց ցեխոտ փողոցներով․ «Մուշ» թաղամասում, առավել ևս Բուլվարայինում ոտք դնելու մի չոր տեղ անգամ չկար։
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարում ընդգրկված ճանաչված հեռուստալրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը, մտահոգ այս ամենով, քաղաքապետի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պիտի կարողանան լուծել այս հարցը։
Կարեն Սիմոնյանն ասաց, որ համակարգային լուծումների կգնան, ու արդյունքում այս մանր հարցերը ևս կկարգավորվեն։
Նա վստահեցրեց, որ Գյումրիից կսկսվեն երկրում փոփոխությունները, իշխանափոխությունը։
Բնակիչներից մեկի հարցին էլ, թե ինչպես է Գյումրին դառնալու ազատ տնտեսական գոտի, արդյո՞ք կառավարությունը դերակատարություն ունենալու է այս ծրագրի իրագործման հարցում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց․ «Իշխող ուժը քննադատություն է արել, թե ազատ տնտեսական գոտին ու ազատ քաղաքը Գյումրու ավագանու լուծելիք հարցը չեն, պետական մակարդակով է լուծվելու։
Ճիշտ է՝ ավագանու լուծելու հարցը չէ, բայց ավագանին կարող է այդ հարցը բարձրաձայնել և հետևողական լինել, որ երկրի ղեկավարները կենտրոնանան Գյումրին ազատ տնտեսական գոտի ճանաչելու գաղափարի վրա։ Ավագանին իր անելիքն ունի, գյումրեցիները՝ իրենց անելիքը, և տանը նստել ու ասել՝ թող պետությունը որոշի, սխալ ենք համարում։
Դրա համար կազմակերպեցինք ստորագրահավաք․7700 գյումրեցի 20 օրվա մեջ արձագանքեց և պահանջատիրոջ կարգավիճակով իր ստորագրությունը դրեց այդ ուղերձի նախագծի տակ, որն ապագա ավագանին կդնի նույն կառավարության դիմաց»։
Կարեն Սիմոնյանը պարզաբանեց, որ ազատ տնտեսական գոտում ներդրումներ կանեն թե՛ ռուսաստանցի, թե՛ չինացի և թե՛ իրանցի ու վրացի գործարարները։
Հիշեցրեց, որ ՌԴ-ի իշխող ուժը՝ «Եդինայա Ռոսիյան»՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևի միջոցով իր աջակցությունն է հայտնել այս ծրագրին։
Նա անդրադարձավ նաև իրենց քաղաքական ուժին հասցեագրված այն քննադատություններին, թե Գյումրու ՏԻՄ ընտրություններին Ռուսաստանի իշխանություններին են խառնում։
«Կուլիսներում, պատերի հետևում խոսում են, թե Ռուսաստանից, «Եդինայա Ռոսիյայից» քաղաքական դաշտ մարդ ենք բերում։ Ասում եմ՝ մի փորձեք խանգարել այն դրական լուծումներին, ինչին գնում ենք մենք, կարո՞ղ եք օգուտ տալ, եկեք, տվեք, չեք կարող, ջհանդամը տաք, մի խանգարեք»,-հայտարարեց թեկնածուն։
Նա նաև խոսեց ամենաշատ քննարկվող հարցերից մեկի շուրջ, թե ինչպես է պատկերացնում ընդդիմադիր քաղաքապետի աշխատանքը կենտրոնական իշխանության հետ։
«Երբ ստանձնենք Գյումրու կառավարումը, մի բռունցք ենք դառնալու գյումրեցիների հետ, դառնալու ենք մեկ միավոր, ոչ թե տարանջատվելու ենք որպես Գյումրու համայնքային իշխանություն և ժողովուրդ։ Եվ այն իշխանությունը, որ չի ուզենալու աշխատել գյումրեցիների հետ, դատապարտված է լինելու։
Որևէ մեկի մտքով չանցնի կուլիսային բազարով կարողանա մեր համայնքապետարանում որևիցե հաջողության հասնել։
Ընդդիմադիր գործչի Գյումրու համայնքապետ դառնալու փաստն այնքանով է արդյունավետ, որ խոշորացույցի տակ է լինելու, և համայնքապետը ամեն քայլ անելուց առաջ հազարն է չափելու, նոր կտրի։
Իսկ եթե կառավարությունը որոշի, որ ինչ-որ հարցերում պիտի նեղը դնի, ուրեմն չի ուշանա գյումրեցու ապտակը։ Գյումրիից է սկսվել յուրաքանչյուր քաղաքական կուրս, էստեղ էլ կավարտվի։ Գյումրեցին միշտ ապացուցել է, որ որևիցե իշխանություն եթե օր առաջ չի զբաղվելու գյումրեցու խնդիրներով, դատապարտված է։
Գյումրեցու հետ խաղ անել չի կարելի, ով փորձեց ապտակը չի ուշանալու», -նախազգուշացրեց թեկնածուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ