Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր հանրահավաք անցկացրեցին այս քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասերից մեկում՝ «Մուշում»։
Ընդդիմադիր այս ուժի քարոզչական ակցիան սկսվեց կենդանի երաժշտությամբ, ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։ Քաղաքապետի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանին այստեղ առանձնակի ջերմությամբ դիմավորեցին՝ աղուհացով, գրկախառնություններով:
Կարդացեք նաև
Բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել, հատկապես երիտասարդներ․ նկատելի էր, որ նրանց հետաքրքիր են գործարարներից ու տնտեսագետներից բաղկացած այս նոր թիմի ծրագրերը։
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը ելույթ ունեցավ՝ խոսքի հենց սկզբում հայտարարելով, որ իրենց համար կարմիր հոծ գծով նշված է, որ ոչ մի դեպքում չեն համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նրա այս հայտարարությունը ընդունվեց բուռն ծափահարություններով։
Թեկնածուն շարունակեց․ «Չենք կարող մեզ թույլ տալ նման բան, քանի որ ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման՝ սկսած կադրայինից մինչև արտաքին քաղաքականություն։
Չենք համագործակցելու նաև իրենց կցորդ «Եվրադաշինք» միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն էին արել՝ ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։
Դա մեզ համար անընդունելի է, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ»։
Կարեն Սիմոնյանը նշեց, որ պատրաստակամ եմ միավորվելու մնացյալ բոլոր ուժերի հետ, եթե նրանք դեմ չեն իրենց ծրագրերին ու գաղափարներին ու համամիտ են այն հարցում, որ իշխող ուժը՝ թե՛ Գյումրու և թե՛ երկրի կառավարումից պիտի հեռանա։
Նա արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն շահարկումներին, թե «Մայր Հայաստան» դաշինքը ձայներ է հավաքում, որ տա այլ ուժի։
«Դա լկտի սուտ է, մենք մեր տեսակով ոչ մի դեպքում չենք դավաճանում մեր ընտրողին, մեզ քվե վստահողին, համոզված եղեք՝ մինչև վերջ տեր կկանգնենք մեզ վստահված ձայներին», -ասաց թեկնածուն։
Նա պարզաբանեց, որ ՔՊ-ն փորձել է ձևափոխել իրենց հայտարարությունը՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, այն է՝ սատար կանգնել մեկ ձայն ավել ստացածքաղաքական ուժին, որպեսզի ընդդիմադիրներով ստանձնեն քաղաքի կառավարումը։
«Որ ուժը մտավ պաշտոնակռվի ու աթոռակռվի մեջ, թե տվեք մեզ փոխքաղաքապետ, տվեք մեզ բաժնի վարիչ, և մենք կմիավորվենք ձեր հետ, հանդես եկավ այս լոզունգով ու կուլիսային առևտրի մեջ մտավ, դատապարտված է։ Միայն ընդդիմության միավորմամբ է հնարավոր «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկել», -ասաց Կարեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ամենաշատ ձայները հավաքի «Մայր Հայաստանը»։
Բանախոսը նշեց, որ կողմ են Գյումրու համաչափ զարգացմանը, այնպես պիտի անեն, որ զբոսաշրջիկները չգան միայն քաղաքի պատմական կենտրոնի մի քանի փողոցներում զբոսնեն, գնան, ծայրամասային թաղամասերն էլ պիտի հրապուրիչ լինեն։
Կարեն Սիմոնյանը խոսեց նաև Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու իրենց ծրագրի մասին ու ասաց՝ իրականության դառնալու դեպքում «Մուշ» թաղամասն ուղղակի զարթոնք կապրի, քանի որ ազատ տնտեսական գոտին նախատեսված է ստեղծել Մարմաշեն տանող խճուղու աջ ու ձախ կողմերում՝ «Մուշ» թաղամասին շատ մոտ։
Նա գյումրեցի երիտասարդներին կոչ արեց միանալ իրենց թիմին, համալրեն իրենց շարքերը՝ ասելով՝ ունենք ձեր կարիքը։
«Մենք չունենք թայֆաբազության վերածելու քաղաք, որ յուրաքանչյուրս գա ու մեր թայֆեքին բերենք քաղաք»,-հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։
Ելույթի վերջում էլ հպարտությամբ նշեց, որ ողջ Գյումրին խոսում է իրենց թիմի մասին, քանի որ բոլորը երիտասարդ են, իսկ գործարարները շատ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ