«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական ցուցակների կուսակցական պատկանելիության վերլուծություն։
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Հիմնվելով վերոնշյալի վրա, վերլուծության է ենթարկվել մասնակից ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրված թեկնածուների կուսակցական պատկանելիությունը։ Այսպիսով, ընդհանուր 372 թեկնածուներից 288-ը (77%) հանդիսանում են մասնակից կուսակցությունների անդամներ, իսկ 84-ը (23%) հանդիսանում են կամ անկուսակցական կամ այլ կուսակցության անդամ, որոնք չեն մասնակցում այս ընտրություններին։ Այլ կուսակցության անդամ թեկնածուները ընդամենը երեքն են՝ երկուսը Հայաստանի հանրապետական կուսակցությունից՝ «Իմ հզոր համայք» և «Մեր քաղաքը» ուժերի ցուցակներում և մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Դեմոկրատական այլընտրանք»-ի ցուցակում։
Մասնակից կուսակցության անդամ չհանդիսացողների ամենամեծ թիվը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Հայաստանի կոմունիստական կուսացկությունների նախընտրական ցուցակներում են՝ համապատասխանաբար 28% և 27%:
Կարդացեք նաև
Իսկ ամենից շատ սեփական կուսակցության անդամներով ներկայացված ցուցակը «Իմ հզոր համայնք»-ն է, որի ցուցակում ոչ սեփական կուսակցության անդամները 10% են կազմում։
Չնայած այն հանգամանքին, որ մասնակից բոլոր ուժերի նախընտրական ցուցակները համապատասխանում են Ընտրական օրենսգրքի մինչև 30%-ի պահանջին, որոշ ուժերի ցուցակների ուսումնասիրությունը ցույց է տալիս հետևյալ օրինաչափությունը։
Մասնակից մի շարք ուժերի նախընտրական ցուցակներում անկուսակցական թեկնածուները զբաղեցնում են բարձր-անցողիկ տեղեր և մանդատների բաշխմանը մասնակից դառնալու դեպքում մեծ հավանականությամբ այդ մանդատները ավելի շատ կհասնեն ցուցակի անկուսակցական թեկնածուներին։ Այդպիսին են «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների, «Դեմոկրատական այլընտրանք», Հայաստանի կոմունիստական և Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների նախընտրական ցուցակները։
Ասվածից կարելի է եզրակացնել, որ մի շարք ոչ կուսակցական քաղաքական գործիչներ օգտագործում են կուսակցական հարթակները սեփական քաղաքական նպատակների համար։
Վերոնշյալի հիմնական պատճառը կուսակցությունների նկատմամբ ցածր վստահության մակարդակն է և ըստ այդմ քաղաքական գործիչների կուսակցությունների հետ չասոցացվելու ցանկությունը։ Սա են փաստում նաև ընտրություններին մասնակից ուժերի հետ հանդիպումները, երբ որոշ դաշիքների ներկայացուցիչներ դժվարանում էին պատասխանել, թե որ կուսակցություններից է բաղկացած դաշինքը։
Այս իրադրությունը խստորեն հակադիր է համամասնական ընտրակարգին և կուսակցական համակարգի կայացման հրամայականին։
«Ականատես» դիտորդական առաքելություն