Կապանի կամերային ներկայացումների փառատոնի հյուրը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն էր՝ «Խելահեղ seance» ներկայացմամբ։ Գյումրեցիների խելահեղ սեանսը տեսնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նրանք մեկ ներկայացում ավել խաղացին։ «Կապանցի հանդիսատեսը փոխվել է, ավելի նրբաճաշակ է դարձել։ Դահլիճից երբ էներգիա է գալիս, պիտի ամեն ինչ անես՝ որ գոհացնես հանդիսատեսին։ Ինձ թվում է կապը կայացավ»,-ասում է դերասան Տիգրան Գաբոյանը։ «Խելահեղ seance» կատակերգությունը անձնվիրաբար սիրո ու ապրելու մասին է։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի «Եվ եղավ սերը» պոեզիա-ներկայացման թեման նույնպես սերն էր։ Համաշխարհային, հայ ժամանակակակից գրողների ու դասականների սիրո մասին գործերն էին սցենարի հիմքում։ «Վերցրել ենք չափածո եւ արձակ գործերը, իհարկե, գործը պիես չի դարձել, բայց ամեն ինչ արել ենք, որ ունենանք մեկ պատմություն, սյուժետային մեկ գիծ»,-ասում է ռեժիսոր Գայանե Ասլանյանը։
Կարդացեք նաև
«Սերը կյանք է, սերը ապրեցնում է, բաժանումն ու միացումը սիրո բաղկացուցիչ մասերն են։ Ներկայացրինք տղամարդու ու կնոջ փոխհարաբերությունը՝ բոլոր դրսեւորումներով։ Կիրք, սեր, բաժանում, ափսոսանք, սպասում․ մի խոսքով կյանքը տարանք բեմ՝ պոեզիայի միջոցով»,-ասում է դերասան Սամվել Թոփալյանը։ Բեմադրության ամբողջ ընթացքում թավջութակով կենդանի կատարումներ էր ներկայացնում Արփենիկ Գաբրիելյանը։
Դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանի խոսքով՝ պիեսը նաեւ զրույց էր հանդիսատեսի հետ։ «Հրաշալի հանդիսատես էր, երբ հանդիսատեսը կիրթ է՝ ինքնավստահ ես զգում, անգամ մի հեռախոսազանգի ձայն չլսվեց, ինչպես շատ հաճախ պատահում է»,-նշեց Տաթեւիկ Հովակիմյանը։ Խաղընկերուհուն լրացնում է Սամվել Թոփալյանը՝ նշելով, որ մորական կողմից սյունեցի է ու այլ կերպ չէր կարող լինել, քանի որ սյունեցին ներդաշնակ է բնության հետ։
Հիշեցնենք, որ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ Կապանում կազմակերպվել է կամերային ներկայացումների փառատոն։
Մարտի 27-ին էլ Կապանում կկայանա 24-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։ Թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։
Լուսանկարները` Կապանի կամերային ներկայացումների փառատոնի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ