Արցախցիները բողոքի ցույց արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։
«Մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք, տեսնում ենք նաեւ քաղաքական դրդապատճառներ։ Իշխանությունը բռնազավթած ուժն իր վերաբերմունքն է ցուցաբերում Արցախից տեղահանված ժողովրդի համար։ Ես այստեղ եմ, որովհետեւ մեր համերկրացու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել։ Ես հարց եմ բարձրացնում՝ մի՞թե ՀՀ-ում չկա պատասխանատվության այլ տեսակ, ֆիզիկական հաշվեհարդարը պատասխանատվության տեսա՞կ է։ Եթե իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի ոստիկանն այդպիսի խախտում է կատարել, ինչո՞ւ չի պատժվում, ինչո՞ւ չեն հրապարակվում այն ոստիկանների անունները, ովքեր իրենց վեր են դասել օրենքից, եւ նոր պատասխանատվության տեսակ են մտցրել՝ ֆիզիկական հաշվեհարդար։ Բայց նաեւ կա հակառակ կողմը՝ արցախցիների բողոքները, արցախցիների հայցերը երբեք չեն ավարտվել դրական պատասխանով»,- ասաց Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, Պաշտպանության բանակի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը։
Նա հավելեց, որ սա ունի քաղաքական ենթատեքստ՝ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, որ «խաղաղության օրակարգում» չպետք է լինի արցախցիների վերադարձի հարցը։ «Եվ ամեն ինչ անում են՝ արցախցիների քանակը ՀՀ-ում քչացնելու համար, որի հետեւանքով մարդիկ կհիասթափվեն, կգնան, քանակը քիչ կլինի, բողոքի ձայները քիչ կլինեն, եւ Արցախի հարցն ընդհանրապես կփակվի։ Չէ՞ որ միայն Արցախի հանձնումով Արցախի հարցը չի փակվել, քանի որ կան արցախցիները։ Հիմա իրենց առջեւ խնդիր կա դրված՝ արցախցիների քանակը քչացնել ՀՀ-ում»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ