Արցախցիները բողոքի ցույց արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվում են դեպի Ներքին գործերի նախարարություն՝ «ոչ բռնապետությանը», «այո արդարությանը» եւ այլ կոչերով։
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, փոխանակ դատապարտեին Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին, փաստաբանի վրա են փորձում ճնշումներ գործադրել։
«Այդ պատճառով մարդիկ համախմբվել են Տիգրանի եւ Ռոման Երիցյանի շուրջը, որ թույլ չտան ոստիկաններն իրենց ամենաթողությունը, անպատժելիությունը, այդ խոշտանգումներն օր օրի ավելացնեն, եւ դառնա այնպես, որ ինչ ուզեն, կանեն։ Ինչպես փաստաբանն է նշում, իրավական առումով բոլոր հիմքերը կան այդ ոստիկանների ձերբակալության, հեռացման, բայց չեն անում, քանի որ երեւի վերեւից հրահանգավորված է, որ պետք է ամեն ձեւ ճնշեն հասարակությանը եւ դրանով ցույց տան, որ իրենք են այս երկրի տերը։ Դա այն դեպքում, երբ իրենք ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են ստեղծել»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Նա հավելեց, որ միայն արցախցիների նկատմամբ չէ այս վերաբերմունքը, ոստիկանները ՀՀ ԱԺ պատգամավորի են ծեծի ենթարկում, եւ էլի անպատժելիության մթնոլորտ է։ «Այսինքն՝ սա համատարած է, սա միայն արցախցու խնդիր չէ, հայի խնդիր է։ Ամբողջ հայ ազգը պետք է ոտքի կանգնի, եւ ցույց տան, որ իրենք են այս երկրի տերը, այլ ոչ թե ոստիկանապետություն ստեղծած Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Կա օրենք, եւ այդ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, բայց տեսնում ենք, որ այդպես չէ, իրավական համակարգն արդեն անպատժելիության մթնոլորտում թույլ է տալիս խոշտանգումներ քաղաքացիների նկատմամբ, որի դեմն առնել է պետք»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ