Արցախցիները բողոքի ցույց են անում Քննչական կոմիտեի շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվելու են դեպի Ներքին գործերի նախարարություն։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Քննչական կոմիտեն ու ՆԳՆ-ն փորձում են ամեն գնով իրեն զրկել ազատությունից։ Նա նշեց, որ մի քանի արցախցու, այդ թվում՝ արցախցի գնդապետ Գրիգորի Սահակյանին համոզել են իր դեմ ցուցմունք տալ։ Ի վերջո կարողացել են իրեն ծանոթ մի կնոջից ցուցմունք կորզել։ «Նրանց հաջողվեց մոլորության մեջ գցել այդ կնոջը, ով որոշակի տեղեկություններ է հայտնել ՆԳՆ-ին։ Եվ առանց ինձ հետ զրուցելու` միանգամից հաղորդում են ներկայացրել ՔԿ՝ ենթադրյալ խարդախության մասին, ինչը ծիծաղելի է։ Նույն օրը հանդիպում եմ ունեցել այդ կնոջ հետ, նույն օրը հասկացել եմ, որ այդ կնոջը նույնպես ստիպել են ներկայացնել հաղորդում։ Ասեմ ավելին՝ այդ կինը հիմա ինձ հետ գտնվում է շատ լավ հարաբերություններում, եւ մենք միասին պատրաստվում ենք ներկայանալ ՔԿ եւ տեղեկացնել, որ մեր միջեւ որեւէ քրեաիրավական հարաբերություններ չեն ծագել»,- ասաց նա։
Ռոման Երիցյանը հավելեց, որ ՆԳՆ-ից տեղեկություն է ստացել՝ պահանջ է դրված ամեն գնով իրեն զրկել ազատությունից, եւ ՔԿ-ն ՆԳՆ-ի հետ համատեղ աշխատում է այդ ուղղությամբ։ Նա ասաց, որ սա պատժողական քաղաքականություն է։ «Սկզբում կարծում էի, որ արցախցի լինելը որեւէ դեր չունի, բայց գնալով համոզվում եմ, որ, այո, կապ ունի։ Ես այսօր տեսանյութ եմ հրապարակել, երբ քաղաքացուն խոշտանգված վիճակում դուրս են հանում ոստիկանությունից։ Ես հերքել եմ, որ այդ տեսանյութում պատկերված անձը Տիգրան Ուլուբաբյանն է։ Այսօր այդ անձն ինձ հետ կապ է հաստատել, եւ պարզվել է, որ ինքը նույնպես արցախցի է, Մարտունու Գիշի գյուղից, 44-օրյա պատերազմի մասնակից է, ծանր վիրավորում ստացած։ Սկզբում սեւ բերետավորների, այնուհետեւ Մասիվի ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու պայմաններում բավական երկար բուժում է ստացել հիվանդանոցային պայմաններում։ Այսօր այդ անձը եւս տեսակապով կկապվի մեզ հետ եւ կպատմի իր հետ տեղի ունեցածի մասին։ Դրանից մի քանի ամիս առաջ արցախցու հետ դեպք էր տեղի ունեցել Ոստիկանության Չարենցավանի բաժնում։ Իհարկե, խոսել այն մասին, որ խոշտանգման զոհ են դառնում բացառապես արցախցիները, սխալ կլինի, բայց հիմնականում վերջին շրջանում խոշտանգման թիրախում արցախցիներն են, որովհետեւ նրանք ավելի շատ են դեմ արտահայտվում ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը»,- նշեց Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ