Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Սարգսյան. «Այսօր ունենք մի իրավիճակ, որ մարդիկ այլակարծության իրավունք չունեն»

Մարտ 23,2025 00:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներից Լուիզա Սարգսյանը, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում խոսելով հայ ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց. «Բոլոր ժամանակներում հասարակության հիմնական բառամթերքը թելադրում է այդ հասարակության տրամադրությունները, բարոյահոգեբանական վիճակը եւ, ընդհանրապես, մտածելակերպը: Այսօր հայաստանյան հասարակության շրջանում ամենաշատ օգտագործվող բառերն են. «ֆոբիա», «տոքսիկ», «փող չկա» եւ սրանից բխող արտահայտություններ, որոնք եթերային չեն: «Անդունդի եզրին ենք գտնվում», «նեվրոզ», «դեպրեսիա» եւ անընդհատ ատելություն, թշնամանք: Սա է, ինչ ունենք մենք այսօր Հայաստանում:

Իմ գործընկեր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն ասաց, որ համերաշխությունը չի նշանակում հնազանդություն: Բայց նաեւ այլ կարծիք արտահայտելը դեռ չի նշանակում թշնամություն: Իսկ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ այլակարծության իրավունք չունեն: Արդեն ընտանիքներում, շրջապատում, աշխատանքի վայրում, որտեղ հնարավոր է, խոսքը չի ստացվում, որովհետեւ մարդիկ հենց սկզբից անհանդուրժողականության դաշտ են մտնում: Բոլորս ասում ենք՝ շատ վատ է: Բայց երեւի պետք է չէ՞ ինչ-որ բան նախաձեռնել:

Առաջին քայլը ներհայաստանյան համերաշխությունն է եւ «Կամուրջ» ասվածի միջոցով հնարավորություն տալը մարդկանց խոսելու, կարծիք արտահայտելու եւ այդ կարծիքի շուրջ առողջ քննադատություն ծավալելու, առողջ մրցակցություն ցույց տալու: Այսինքն, առաջին հերթին մենք ցանկություն ունենք կառուցել ներհայաստանյան կամուրջներ, այդ ատելությունը, ֆոբիաները, տոքսիկ կոչված վիճակը հանել, մարդկանց բերել մի հարթակ, որտեղ կկարողանան զրուցել:

Դրանից հետո պետք է մտածենք հայկական աշխարհի համար կամուրջներ կառուցել, որովհետեւ ոչ միայն Հայաստան-սփյուռքը, այլեւ սփյուռքն իր մեջ խնդիրներ ունի եւ կամուրջ չկա սփյուռքի հայերի միջեւ»:

Հայաստանի երիտասարդական կենտրոնի ղեկավար Ռաֆայել Հունանյանը հավելեց, որ «Կամուրջում» լինելու են նաեւ շատ հստակ, ընդգծված երիտասարդական նախաձեռնություններ, որոնք օգնելու են, ամրապնդելու են Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայում, սփյուռքում ապրող բոլոր հայ երիտասարդների, նաեւ մյուս գործընկերների կապերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31