Լրահոս
Օրվա լրահոսը

Նման «խաղաղությունը» մեզ կտանի ինքնաոչնչացման. «Հայացք Երևանից»

Մարտ 23,2025 11:00

«Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականում ալիեւյան «թղթում» արտացոլված 17 կետերը համեմատվում են 17 յաթաղանակիր ենիչերիների հետ, որոնք սոսկ մահ ու ավեր կարող են սփռել հայոց աշխարհում: Եվ ամենաահավորը՝ միշտ կգտնվեն դավաճան հայեր, որ կկանգնեն աշխարհավերիչ թուրքի կողքին:

Չլինի՞ նախախնամության մատը խառն է հայակործան այս խարդավանքների առուծախում: Հասկացողները երանի են տալիս, որպեսզի «Խաղաղության պայմանագիր» կոչվող այս արհավիրքը չստորագրվի՝ ընդհանրապես: Նման «խաղաղությունը» մեզ կտանի ինքնաոչնչացման: Քաղաքագետ Մանվել Սարգսյանի մեկնությամբ՝ տվյալ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը իրավազուրկի կարգավիճակ է ստանալու, անկարող՝ որեւէ հարցի շուրջ ծպտուն հանել. «Եթե իրենք ասեն, որ բոլոր արցախցիներն անխտիր պետք է բանտ նստեն, դու հակաճառել չես կարող, քեզ ագրեսորի կամ ռեւանշիստի պիտակ կկպցնեն»,- «Մեդիալաբին» տված հարցազրույցում օրերս ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի բերանից թռցրածը Հայաստանը պարտավորված է լինելու անվերապահորեն կատարել՝ արդեն «դե յուրե». «Ադրբեջանի պայմանները ենթադրում են ուրիշ Սահմանադրություն, ուրիշ Սահմանադրությունը՝ ուրիշ պետություն, ուրիշ պետությունն էլ կարող է լինել ոչ հայկական… այս մասին իրենք վաղուց խոսում են ամենաբարձր մակարդակով»,- նման տխուր շեշտադրությամբ է զրույցը եզրափակում Սարգսյանը: Հավանաբար՝ քաղաքագետը նկատի ունի ամիսներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե «խաղաղության պայմանագիրը բանակցությունների հետագա շրջանակն է հստակեցնում՝ մասնավորապես այն պայմանները, որոնց հիման վրա պետք է բանակցենք Հայաստանի հետ»:

Ահա եւ հրապարակի վրա են Ջեյհուն Բայրամովի մատնանշած պայմանները՝ 17 կետերի տեսքով, որոնց բոլորիս անունից հլու-հնազանդ համաձայնություն են տվել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական ողջ «բոմոնդը» առանց բացառության: Ամենաթարմ որոշ տվյալների համաձայն՝ Ադրբեջանը հետզհետե բարձրացնում է իր պահանջների դրույքաչափերը: Արդեն խոսում են ՀՀ-ում ոչ թե 350 հազար ազերիների, այլ նույնքան ազերի ընտանիքների վերաբնակեցման մասին, որը կազմում է 1 մլն 200 հազար բնակիչ: Խոսում են 150 մլրդ դոլարի կարգի փոխհատուցման մասին՝ 30 տարի, իբր, ադրբեջանական տարածքների, բնական պաշարամիջոցների շահագործման դիմաց:

Մինչ Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի պահանջով չեղարկելու միջազգային դատական ատյաններ վերջինիս դեմ ներկայացրած հայցերը, Ադրբեջանն՝ ինքը նոր, ավելի ահռելի, Հայաստանն ուղղակի արնաքամ անող գանգատներ է մտմտում ներկայացնել: Գործող իշխանությունների հոգը չէ. նրանք շարունակելու են անմռունչ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ դա իրենց աթոռները պահպանելու միակ միջոցն է: Պատահական չէ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով երկար ժամանակ հավաստիացնում էր, թե չկա ու չի լինելու «միջանցքային տրամաբանություն», թե «Զանգեզուրի միջանցքը» մեր կարմիր գծերն են եւ այլն, օրերս հստակ հայտարարեց. «Կտանք Ադրբեջանին ճանապարհ»:

Պարզապես անունը դրեց «ճանապարհ», բայց էությունը մնաց Իլհամ Ալիեւի կողմից հեղինակված, միջազգային շրջանառության մեջ դրված եւ համառորեն հետապնդված «Զանգեզուրի միջանցք»:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31