Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ կարելի՞ է ինձ համարել ամենահարուստ թեկնածուն․ ինչ հայտարարագրել եմ, բոլորի աչքի առաջ եմ ստեղծել»․ Կարեն Սիմոնյան

Մարտ 22,2025 23:35

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ավագանու մի այնպիսի ցուցակով, որի կազմում գերակշռող են գործարարները՝ ՍՊԸ-ի հիմնադիրներ, անհատ ձեռներեցներ։

Ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը ևս գործարար է․ նա «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է, «Կումայրի գրուպ», ինչպես նաև «Էկոնովա» ՍՊԸ-ների հիմնադիրն է։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կշահի քաղաքը, եթե գործարար աշխարհի ներկայացուցիչները ստանձնեն քաղաքի ղեկը։ Մենք նաև հարցրեցինք՝ այս դեպքում քաղա՞քը կշահի, թե՞ գործարարը, որը երբեմն իշխանությունը ծառայեցնում է իր բիզնես շահերին։

«Եթե գործարարը հոգով-սրտով գործարար է, նա երբեք իրեն չի ծառայեցնի որևէ պաշտոն ու չարաշահումներ չի անի, որովհետև ինքն առանց այդ պաշտոնի էլ, իր հմտությունները ներդնելով, ավելի մեծ հաջողությունների կհասնի, քան մտնի սև, վատ դաշտ։ Գործարարն իր մտքի ճկունությամբ, կազմակերպչական ջիղի շնորհիվ հասնում է մեծ հաջողությունների։ Ես խոսում եմ իսկական գործարարի մասին»,-ասաց թեկնածուն։

Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ 21-րդ դարում  քաղաքի կառավարմամբ ոչ թե չոր քաղաքական գործիչները պիտի զբաղվեն, այլ հմուտ կազմակերպիչները, որոնք գուցե որոշակի ոլորտներից քիչ պատկերացում ունենան, բայց գիտեն՝ ում դիմել, որպեսզի խնդիրները տեղը տեղին լուծում ստանան։

Իրական գործարարը, ըստ Կարեն Սիմոնյանի, շատ արագ է ճանաչում մարդկանց՝ առաջին իսկ շփումից։

Մեր զրուցակիցը նշում է, որ «Մայր Հայաստան» դաշինքը, Գյումրու համայնքային իշխանության գալով, կփոխի տիրող բացասական մթնոլորտը ու կառավարման այն մոդելը, որն այլևս անտանելի է։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե իր հայտարարագրած 150 միլիոն դրամ կանխիկ գումարը ինչպե՞ս  է ձեռք բերել․ մի՞թե Գյումրիում գործունեություն ծավալող  գործարարը կարող է նման գումար աշխատել։

Հարցրեցինք՝ կարելի՞ է  քաղաքապետի բոլոր թեկնածուների մեջ իրեն համարել ամենահարուստը, մյուսները այդ չափով գումար չեն հայտարարագրել։

«Չգիտեմ՝ դո՞ւք կհամարեք ինձ ամենահարուստ թեկնածուն, թե՞ գյումրեցիները, բայց բոլորի աչքի առաջ եմ մեծացել, բոլորի աչքի առաջ եմ ստեղծել, ես ինքս բանվորություն եմ արել՝ պատանի տարիներից սկսած։ Երբ կյանք մտա, բանվորություն անելով՝ սկսեցի, Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում կա մոտ 800-900 վաճառակետ, ցանկացած կրպակի, ցանկացած ռեստորանի աշխատակից ինձ լավ ճանաչում է, բոլորն այդ ժամանակվանից սկսած՝ տեսել են իմ գործունեությունը և բոլորի աչքի առաջ եմ ստեղծել այն, ինչ այսօր հայտարարագրել եմ։ Արտադրամասերն ու մյուս մյուսը գյումրեցու աչքի առաջ են ստեղծվել, միանգամից չեն ստեղծվել, կամ ես Գյումրիից դուրս չեմ գնացել, փողերը վերցրած՝ վերադարձել։

Գյումրիում եմ ծնվել, Գյումրիում եմ մեծացել, Գյումրիում եմ ապրել ու աշխատել՝ բոլորի աչքի առաջ ու ոչ մի գույք չունեմ Գյումրիից դուրս, բոլորը Գյումրիում են։

Ինձ համար մեծ պատիվ է, որ այդպես է, ես չեմ ասում վատ է, որ դրսում գույք ունենաս, բայց հիմա այս պահին այսպես է»,-ասաց Կարեն Սիմոնյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ զրուցել ենք նաև Արցախի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի՝ իրենց քաղաքական ուժի քարոզարշավին մասնակցելու, ՌԴ-ի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիյայի» աջակցության ու Գյումրու խնդիրների լուծման մասին։

Կարեն Սիոնյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31