Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների կողմից ընդունված փաստաթղթերն անառարկելիորեն վկայում են, որ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս

Մարտ 22,2025 21:42

Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2025թ. մարտի 21-ին, մասնավորապես, հայտարարել է. «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Հիմնվելով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթղթերի վրա, փորձենք պարզել՝ արդյո՞ք վերոնշյալ մեջբերումը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ:

  • Եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա ի՞նչ նպատակով է միջազգային հանրությունը ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա եռանախագահության ինստիտուտը:

Դեռևս 1992թ. միջազգային հանրությունը սկսել էր ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտությանը և փորձել ձեռնարկել միջոցներ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրավիրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշվել է հնարավորինս շուտ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, կհրավիրվեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո: Ադրբեջանի և Արցախի միջև ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չհրավիրվեց, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվեց: Մինսկի խորհրդաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:

1994թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովում որոշվել է հնարավորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:

Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:                  Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահության ինստիտուտի գործունեության հիմնական նպատակը հետևյալն է. «…աջակցել հակամարտության կարգավորմանն առանց ուժի կիրառման, մասնավորապես՝ դյուրացնելով բանակցությունները խաղաղ և համապարփակ կարգավորման համար…»:

  • եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա ինչպե՞ս հասկանալ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից կոնֆլիկտի կարգավորման նպատակով կոնֆլիկտի կողմերին ներկայացված «Փաթեթային» (1997թ. մայիս-հունիս), «Փուլային» (1997թ. սեպտեմբեր), «Ընդհանուր պետություն» (1998թ. նոյեմբեր), «Մադրիդյան սկզբունքներ» (2007թ. նոյեմբեր) առաջարկությունները:
  • եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա ինչպե՞ս հասկանալ 2009թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լակվիլա քաղաքում հրավիրված մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ հայտարարությունը, որտեղ հայտարարության կողմերն արձանագրել են, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների համաձայն:
  • եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա

ինչպե՞ս հասկանալ 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որտեղ արձանագրվել է հակամարտության չկարգավորված լինելու փաստը՝ միաժամանակ նշվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը և կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին. «կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին և Հանձնաժողովի փոխնախագահին/Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Միության Բարձր ներկայացուցչին ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական կարգավորում գտնելու և տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում,…»:

  • եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա

ինչպե՞ս հասկանալ 2022թ. հունիսի 8-ին կրկին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Անվտանգությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում և անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» վերտառությամբ բանաձևը, որտեղ կրկին արձանագրվել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվել է «վիճելի տարածք»:

  • եթե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», ապա

ինչպե՞ս հասկանալ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունած «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձևը, որտեղ, մասնավորաբար, արձանագրվել է՝

«Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները»:

«Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն»:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ընդունված բոլոր վերոհիշյալ փաստաթղթերն անառարկելիորեն վկայում են, որ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Արցախի Հանրապետությունը չի ճանաչել և ճանաչած չի եղել որպես Ադրբեջանի մաս, ինչպես, միտումնավոր, թե չիմացության պատճառով, կարծում է Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշի պնդումն առ այն, թե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», կատարյալ անհիմն է և սնանկ:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31