Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ․ Ռիո դե Ժանեյրոյում, գրում է Calend-ը։
Օրը Հայաստանում նշվում է նաև որպես ջրաբանի մասնագիտական օր։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
- Հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ,
- Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը,
- Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:
2025 թվականին Ջրի համաշխարհային օրն անցկացվում է՝ «Սառցադաշտերի պահպանում» կարգախոսի ներքո։ Այժմ ավելի քան երբևէ կարևոր է հիշել, որ ջուրը մեր գոյության հիմքն է, և նրա պաշարները սահմանափակ են։