Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում որպես համահիմնադիր հայտարարելով «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության մեկնարկի մասին, ասաց. «Գաղտնիք չէ, ու բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես են հասարակության մեջ խեղաթյուրված թե ներհայկական, թե Հայաստան-սփյուռք, թե մեր դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի հետ կապերը: Դրանք կտրված են, աղավաղված են: Եվ հաշվի առնելով, որ այսօր բոլորս՝ թե Հայաստանը, թե սփյուռքը գտնվում ենք շատ կարեւոր փուլում, որտեղ առանց չափազանցության որոշվում է բոլոր առումներով մեր լինել կամ չլինելը, խնդիր դրեցինք հասկանալ, թե ինչից է այս ամենը ծագում: Եվ եկանք եզրակացության, որ բազմաթիվ կամուրջներ այրվել են, ինչը ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության, մեր բոլորիս համար:
Նախ, մեր կազմակերպությունը ապակուսակցական է, դասական առումով՝ նաեւ ապաքաղաքական: Մենք ընտրել ենք երեք հիմնական ուղղություն:
Հայ-ռուսական հարաբերություններ: Բնականաբար, մենք բազմաթիվ հարցեր ունենք մեր դաշնակիցներին, բայց հավատացնում եմ ձեզ, որ դաշնակիցներն էլ, մասնավորապես, եվրասիական վեկտորը, բազմաթիվ հարցեր ունի մեզ: Ու ցավոք, այդ հարցերը շահարկման առարկա են դառնում: Չկան կամուրջներ, որոնց միջոցով դրանք ճիշտ քննարկվեն եւ ճիշտ լուծումներ գտնվեն:
Ներհայկական համերաշխություն: Այս գաղափարի մասին շատ է խոսվել, բայց ուզում եմ միանգամից ընդգծել. համերաշխությունը չի նշանակում հնազանդություն: Հայտնի աշխարհաքաղաքական գործընթացների, սոցիալական, հասարակական եւ բազմաթիվ այլ խնդիրների կույտը թույլ չի տալիս հասարակությանը, համայն հայությանը՝ շատ ադեկվատ, արագ ու էֆեկտիվ արձագանքել բոլոր մարտահրավերներին:
Կարդացեք նաև
Ներդաշնակություն: Ներդաշնակություն այն հարցերի շուրջ, որով պայմանավորվում է բոլորիս գոյությունը: Մեզ համար կարեւորագույն սփյուռքի հետ բոլոր կամուրջներն այրվել են: Մենք ուզում ենք, որ չքանդվեն դեռեւս մնացած ու գործող կամուրջները, նոր կամուրջներ, նոր կապեր հաստատել, ուզում ենք հարաբերությունները վերականգնել եւ բարձրացնել նոր մակարդակի:
«Կամուրջ» նախաձեռնությունը, ըստ էության մի հարթակ է, որը կամուրջներ է ստեղծում թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս: Բոլորս գտնվում ենք խայտառակ պրոպագանդայի տակ: Առավոտից երեկո խեղաթյուրում են ամեն ինչ: Եվ հետեւաբար, եթե մենք էլ առաջնորդվենք կուսակցական շահերով, ոչինչ չի ստացվի: Կյանքը դա հստակ ցույց տվեց»,-ասաց Արման Աբովյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ