Առաջիկա մեկ շաբաթում Կապանը կապրի թատերական հրավառության մեջ։ Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է կամերային ներկայացումների փառատոն, որին հաջորդելու է «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը ։ 24-րդ «Արտավազդ»-ը նույնպես առաջին անգամ է Երեւանից դուրս անցկացվում։ Թատերական միջոցառումները նվիրված են Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանին։ 7 օր հանդիսատեսին իրենց բեմադրությունները կներկայացնեն Կապանի դրամատիկական, Մհեր Մկրտչյանի արտիստական, Գյումրու դրամատիկական, Երեւանի կամերային, Պարոնյանի անվան կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններն ու մեկ ներկայացում էլ կլինի «Արմմոնո» միջազգային փառատոնից։ Փառատոնի հանդիսավորությամբ բացվեց Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի բարեմաղթանքի ու օրհնանքի խոսքերով։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նախ շնորհակալ է Սյունիքի մարզպետին ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ Կապանում թատերական տոն կազմակերպելու համար։ Հետո խոստանում է՝ կամերային ներկայացումների փառատոնը դարձնել միջազգային։
«Կասկած չունեմ, որ մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն՝ կամերային ներկայացումների փառատոնն ամենամյա դարձնելու համար, քանի որ սա Հայաստանում առաջին անգամ է։ Փորձը ցույց է տալիս, որ եթե որեւէ մարզում կազմակերպվում է թատերական միջոցառում, ապա այդտեղ կյանքը փոխվում է, բազմապատկվում է, կրկնապատկվում է թատերական մթնոլորտը», -իր խոսքում նշեց Հակոբ Ղազանչյանը։
Կարդացեք նաև
Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը շնորհակալ է կապանցի թատերասեր հասարակությանը ու իր հերթին հավաստիացնում է՝ կամերային ներկայացումների փառատոնը ամեն տարի կհյուրընկալվի Սյունիքում։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին փառատոնի մեկնարկի ու թատրոնի 90-ամյակի կապակցությամբ՝ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ առանց Կապանի թատրոնի անհնար է պատկերացնել մարզկենտրոնի մշակութային կյանքը:
Ըստ Սյունիքի փոխմարզպետի՝ բոլոր քաղաքները չէ, որ վայելում են թատրոն ունենալու բարեբախտությունը, իսկ Կապանի թատրոնի 90-ամյա ուղին ու անցած ճանապարհը խոսում են նաեւ Կապանի՝ որպես մշակութային արժեքներ ու ավանդույթներ ունեցող, մշակույթը գնահատող ու սիրող քաղաքի պատմության մասին։ «Թո՛ղ որ մեր սիրելի թատրոնի, նրա անձնակազմի հետագա ուղին լինի հարատեւ, բազում ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում ձեզ եւ հանդիսատեսի չմարող սերն ու ծափողջույնները, նաեւ՝ ճանաչելիություն ոչ միայն Կապանից, այլեւ Հայաստանից դուրս բեմերում։ Թո՛ղ ձեր յուրաքանչյուր բեմելը լինի սպասված եւ անցնի լեփ-լեցուն դահլիճներում»,-մասնավորապես նշեց Հայկ Հարությունյանը:
Հանդիսությանը ելույթ ունեցավ Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի լարային քառյակը, ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյա ճանապարհի մասին։
Իսկ փառատոնը բացեց Կապանի դրամատիկական թատրոնը՝ Նին Սայմոնի «Կրքոտ սիրահարը» պիեսի բեմադրությամբ։ Ճիշտ է դերասանները հրավիրված էին այլ կոլեկտիվներից, բայց կապանցի հանդիսատեսը ջերմորեն ընդունեց առաջնախաղը։ Բեմադրիչը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի ռեժիսոր Նունե Խեչումյանն է, դերերում զբաղված են նույն թատրոնի դերասան Արման Կոլոսովն ու Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի դերասանուհի Տաթեւիկ Պետրոսյանը։ Պիեսը ծանոթ էր Արմանին, բայց հայերեն տարբերակը չկար, ինքը թարգմանեց ու բեմադրեցին։
«Սա թերեւս նորույթ է կապանցի հանդիսատեսի համար, մի քիչ համարձակ ներկայացում է, երաժշտական ռոմանտիկ կոմեդիա։ Նույնիսկ ազդագրերում նշել էինք, որ տարիքային սահմանափակում կա»,-նշեց Արմանը։ Մի տղամարդ, որը միապաղաղ կյանք է վարել, որոշում է փոխել կյանքն ու ստանալ այլ վայելքներ՝ փորձելով հանդիպել 3 տարբեր կանանց հետ։ Արդյունքում՝ սակայն ոչինչ չի ստացվում։ «Սա ուղերձ է, որ անկախ շրջապատից՝ պիտի մնաս քո սկզբունքներին հավատարիմ»,-նշեց Արմանը։ Ի դեպ, ներկայացումը տեղ կգտնի Կապանի թատրոնի խաղացանկում։
Հիշեցնենք, որ թատերական միջոցառումների հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հատկացրել է 30 մլն դրամ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ