Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարող է ապահովել, որ Հայաստանը ստորագրի, բայց ինքը հետաձգի կամ խուսափի ստորագրելուց, ինչը հնարավորություն կտա հետագայում պարտադրել նոր և ավելի կոշտ պայմաններ․ Արմեն Հովասափյան

Մարտ 22,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ բլեֆ էր անում, երբ ասում էր՝ «հենց հիմա պատրաստ եմ ստորագրությունս դնել համաձայնագրի տեքստի տակ»։ Ավելի ուշ, արդեն քմծիծաղով ընդգծում էր, թե «ես ուղղակի այդ կերպ վերահաստատում էի իմ պատրաստակամությունը՝ գործընթացն ավարտական փուլ հասցնելու նպատակով»։ Այսինքն, երկրի ղեկավար կոչվող անձը, փաստորեն, զբաղված է տեղեկատվական դաշտում թեստեր անելով՝ հասարակության տրամադրությունները ստուգելով (իրա սիրելի «Կարգին»-ում, որ ասում ա՝ «տղերք հետ եկեք, կատակ էր անում»)։

Ավելի զավեշտալի է նրա հայտարարությունը, թե «անկեղծ ասած, ինձ հայտնի չեն միակողմանի համաձայնագրերի ստորագրման դեպքեր, ես նման դեպքերի մասին տեղյակ չեմ, ու հանձնարարել եմ այս թեմայով ուսումնասիրություն անեն»։ Հիմա ես քեզ մի քանի բառով բացատրեմ (եթե իհարկե կհասկանաս), թե ե՞րբ են նման դեպքեր գրանցվել ու ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել։

Պատմության ընթացքում բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում։ Վերսալի պայմանագիրը (1919) ստորագրվեց Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիայի կողմից՝ առանց իրական բանակցային հնարավորության։ Դրա արդյունքում Գերմանիան ստիպված էր զիջել տարածքներ, խիստ սահմանափակել բանակը և վճարել հսկայական փոխհատուցում։ Այս ամենին նա համաձայնվեց ոչ թե ազատ կամքով, այլ զինված ուժի սպառնալիքով և պատերազմի շարունակման վախով (չափազանց ծանոթ պատկեր, չէ՞)։

Ասեմ նաև, որ պատմության մեջ քիչ դեպքեր կան, երբ առաջնորդներից մեկը միակողմանիորեն ստորագրել է պայմանագիր՝ առանց դիմացինի համաձայնության։ Օրինակ, Ֆրանսիայի միակողմանի զինադադարը Ալժիրի հետ (1962), երբ Փարիզը հայտարարեց զինադադար, մինչ Ազգային ազատագրական ճակատը դեռ չէր համաձայնել, բայց ի վերջո դա հանգեցրեց բանակցությունների։ Նմանատիպ իրավիճակ էր նաև ԽՍՀՄ-ի որոշումը Աֆղանստանից դուրս գալու մասին (1988), երբ Սովետները հայտարարեցին իրենց զորքերի դուրսբերումը՝ առանց երաշխիքների, որ հակառակորդ ուժերը կդադարեն պատերազմել։

Բացի այդ, հայտնի են նաև պարտադրված միակողմանի համաձայնագրեր, երբ թույլ կողմը ստիպված էր ընդունել պարտադրած պայմանները։ Մյունխենի համաձայնագիրը (1938) պարտադրեց Չեխոսլովակիային հրաժարվել Սուդեթյան շրջանից հօգուտ Նացիստական Գերմանիայի, ընդ որում՝ առանց սեփական մասնակցության բանակցություններին։ Ծոցի պատերազմի կրակի դադարեցման պայմանագիրը (1991) պարտադրվեց Իրաքին, որով այն ստիպված եղավ դուրս բերել իր զորքերը Քուվեյթից և ենթարկվել ՄԱԿ-ի խիստ վերահսկողությանը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ երբ մեկ կողմն ստորագրում է, իսկ մյուսը դեռ սպասում է, դա դառնում է շահարկման գործիք։ Ադրբեջանը կարող է ապահովել, որ Հայաստանը ստորագրի, բայց ինքը հետաձգի կամ խուսափի ստորագրելուց, ինչը հնարավորություն կտա հետագայում պարտադրել նոր և ավելի կոշտ պայմաններ։ Ավելին, նա կարող է պահպանել պատերազմական սպառնալիքը որպես ճնշման միջոց՝ նույնիսկ արդեն ստորագրված համաձայնագրի դեպքում։

Արդյունքում, Հայաստանը կհայտնվի շարունակվող զիջումների արահետում՝ մի պայմանագիր ստորագրելուց հետո բախվելով նորանոր պահանջների։ Ալիևը կարող է պատերազմական սպառնալիքը պահպանել որպես լծակ, նույնիսկ եթե Հայաստանը արդեն ստորագրել է, ավելին ասեմ, Ադրբեջանը առաջիկայում զիջումների նոր պահանջ է ներկայացնելու՝ ասելով․ «Հայաստանը արդեն ստորագրել է, բայց մեզ սա չի բավարարում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31