Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ. սա պատուհան է, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն․ Վարուժան Գեղամյան

Մարտ 22,2025 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։

Վաղը՝ կիրակի ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։

Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։

Երբ դրան գումարում ենք Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը առաջիկա շաբաթների ընթացքում, Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։

Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։ Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։

Պատուհան, որից կարելի է օգտվել։
Պատուհան, որը բաց է լինելու ոչ շատ երկար։
Պատուհան, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն։

Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31