Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ մարտի 21-ին անցկացվել են խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով։
Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Պաշտպանն իր ելույթում նշել է, որ թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա՝ ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և վատ վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից։
Կարդացեք նաև
«Աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված դեպքերով աշխատակազմում ստացվում են բազմաթիվ բողոքներ, ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերից։ 2024 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմ ստացված դիմում-բողոքների քանակը այնքան մեծ է եղել, որ այս խնդրին անդրադարձ կլինի նաև 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։ Բողոքները վերաբերել են ինչպես հանրային սննդի օբյեկտներին, զվարճանքի վայրերին, ավտոլվացման կետերին, ռեստորաններից հնչող աղմուկին, այնպես էլ՝ շինարարական աղմուկին, նույնիսկ հանգստյան օրերին, որոնք խաթարում են քաղաքացիների անդորրը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև մի շարք հարցեր Պաշտպանի աջակցությամբ դրական լուծում են ստանում, այնուամենայնիվ դրանց կրկնվելու ռիսկը բավական մեծ է՝ հաշվի առնելով, որ չկան վերահսկողության հստակ մեխանիզմներ։ Այսպիսով, անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրություն, որը տոտալ կվերափոխի ոլորտը։
Հանրային լսումների ավարտին, Անահիտ Մանասյանը նշել է, որ բոլոր այն քննարկումները, թե ոլորտում իրականացվող փոփոխությունները կարող են խաթարել գործարարության բնագավառում որոշակի գործունեություն, ընդհանրապես տեղին չեն, քանի որ դրանց միակ նպատակը լինելու է աղմուկի այնպիսի մակարդակ և համակեցության այնպիսի կանոններ ունենալը, որոնք կհամապատասխանեն այսօրվա աշխարհում սահմանված չափանիշներին։
«Պետք է չմոռանալ, որ այս բոլոր հարցերի հետևում կանգնած են մարդիկ և փաստացի խախտվում են այդ մարդկանց հիմնարար իրավունքները»,-եզրափակել է Անահիտ Մանասյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ