«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:
– Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ամեն հնարավոր ձեւով փորձում են հայ ժողովրդին վախի մեջ պահել` հնարավոր ռազմական գործողությունների սպառնալիքով: Այն դեպքում, որ աշխարհաքաղաքական ազդակները` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից եկող հայտարարություններում բացառում են նոր պատերազմի հնարավորությունը: Ի՞նչ կարող ենք եզրակացնել` ստացվում է, որ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը սինխրոն աշխատում են: Պատերազմի վտանգը չեզոքացնելու միակ ձեւը մնացել է Հայաստանը նոր զիջումների տանելը:
– Այն, ինչ նշում եք, ցավոք, ինձ մոտ վաղուց համոզմունքի է վերածվել: Այո, իսկապես Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները վաղուց գործում են սինխրոն, միանման ուղերձներով են հանդես գալիս, երբեմն անգամ տեղերով շփոթվում են` Հայաստանի պաշտպանության նախարարը եւ Արտաքին հետախուզության պետն այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարի փոխարեն արեցին հայտարարություններ: Ասացին, որ այս պահին ադրբեջանական կողմից չկա տեղաշարժ, եւ նման ռիսկ չեն տեսնում: Համոզմունք է արդեն, որ երկու կողմերի միջեւ կա համաձայնություն` պատերազմը որպես հայ ժողովրդին վախեցնելու գործիք կիրառելու նպատակով: Ինչու է դա արվում, պատճառները տարբեր են, սակայն հիմնականում այդ ամենի հիմքում Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է: Այդ խնդիրն են լուծում՝ ամեն անգամ պատերազմի վտանգի մասին խոսելով, իսկ եթե անգամ կան մարդիկ, ովքեր մոռացել են պատերազմի մասին կամ ներքուստ հաղթահարել են այդ վախերը, կրակոցներ են սկսվում, սպառնալից հայտարարություններ են արվում, ամեն ինչ անում են, որ մարդկանց միջից այդ վախը դուրս չգա: Արդյունքում` փորձում են Փաշինյանին դարձնել որպես խաղաղություն բերող, թեպետ ամենաշատ զոհը նա է տվել վերջին 30 տարիներին, սակայն մարդկանց մեջ փորձում են այն միտքը սերմանել, որ Փաշինյանի հեռացումը նշանակում է անխուսափելի պատերազմ ու կորուստներ:
Փաշինյանին այդ ամենը պետք է իշխանություն պահելու համար, իսկ Ալիեւին պետք է՝ Փաշինյանի միջոցով նոր տարածքներ ու հնարավորություններ ստանալու համար: Նրանք փոխադարձ համագործակցում են ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի, չեզոքացնում են Հայաստանի պետական շահերը: Սրանք միանշանակ փաստեր են: Այս ամենը, ինչպես նկատեցիք, տեղի է ունենում միջազգային զարգացումների տրամաբանության փոփոխության ներքո: Այսինքն` եթե մի պահ կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը, իրավիճակից օգտվելով, պահը կարողանում է օգտագործել ի շահ իրեն, ապա այսօր իրավիճակ է փոխվել: Գոնե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտ այդ տուրբուլենտությունը չի անցնում, կողմերը, կարծես, համագործակցում են: Ալիեւի բոլոր հնարավորությունները սպառվել են, այս պահին ոչ մի պատերազմի վտանգ չկա: Միջազգային զարգացումների տրամաբանությունը, ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումը թելադրում են այլ բան: Հակամարտությունների հանգուցալուծման փուլն է եկել, վերջին շտրիխներն են գծվում, նոր աշխարհակարգում այս կամ այն ուժի դերն է հստակեցվում, մենք դրա ականատեսն ենք: Հարավային Կովկասում հարցերը, կարելի է ասել, լուծված են: Թուրքական գործոնի հզորացումը որեւէ մեկին ձեռնտու չէ, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ տարածաշրջանային մյուս երկրներին: Իրական աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, եթե նույնիսկ պատերազմի վտանգ կա, ապա վախենալու առիթ ունի բացառապես Ադրբեջանը:
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ Ադրբեջանը ստացել է ավելին, քան իրեն թույլ էր տրված, իսկ դրա դիմաց նա դեռ պետք է վճարի կամ էլ վերադարձնի վերցրածի մի մասը: Բաքուն, հասկանալով, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը դեռեւս չի մարսել, նոր ռազմական հանցագործությունների չի կարող դիմել: Փաստն այն է, որ միջազգային զարգացումներն այլ բան են թելադրում, Փաշինյանն ու Ալիեւը` այլ բան: Նրանք փորձում են հայ ժողովրդին վախի մեջ պահել, բայց կա մեծ հակասություն այստեղ: Հայ ժողովուրդը չպետք է առաջնորդվի Փաշինյան-Ալիեւ զույգի սպառնալիքներով, հայ ժողովուրդը պետք է հետեւի, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում: Առհասարակ, առաջնահերթություններ պետք է լինեն այդ տրամաբանության մեջ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում